«Հավատքը քայլ է, որը քեզնից մեծ է». Օնիկ Չերքեզյան

Wolarm.org կայքը շարունակում է հովիվների հետ բլից հարցազրույցների շարքը: Այս անգամ մեր զրուցակիցը Ռուսաստանի Բրյանսկ քաղաքի «Կյանքի Խոսք» եկեղեցու հովիվ Օնիկ Չերքեզյանն է:

Ձեր կարդացած վերջին գիրքը Աստվածաշնչից բացի:

Ջոն Բիվերի «Սուրբ Հոգի» գիրքը:

Հավատքը ձեր բնորոշմամբ:

Հավատքը քայլ է, որը քեզնից մեծ է:

Հայտնություն, որը փոխել է ձեր կյանքը:

Հայտնությունն այն մասին, որ Հիսուսն Ընկեր է:

Ձեզ համար ամենամտերիմ մարդն այս աշխարհում:

Իմ կինն է:

Առանց նրա դուք չէիք կարողանա…

Ես այսպես կպատասխանեմ, եթե մինչև ամուսնությունը շարժվում էի ժամում 10կմ արագությամբ, ապա ամուսնությունից հետո` 120կմ:

Դուք` ընտանիքում, աշխարհում և եկեղեցում, մի քանի բառով:

Ընտանիքում ամուսին եմ, հայր և ընկեր: Աշխարհում ես Աստծո ծառա եմ, ում հենց այդպիսին էլ տեսնում և հարգում են: Օրինակ, հաճախ, երբ ինձ նկատում են, ծխախոտերը պահում են: Իսկ եկեղեցում ես հովիվ եմ, այսինքն` օրինակ եմ:

Ընտանիքը ձեր բնորոշմամբ:

Ընտանիքն այն տեղն է, որտեղ մարդ պետք է վազելով գա, ուր էլ որ լինի:

Ի՞նչ է եկեղեցին …

Եկեղեցին ճշմարտության հաստատությունն ու սյունն է:

Մարդկային 3 հատկանիշ, որոնք կարևորում եք:

Ազնվությունը, հավատարմությունը և պատրաստակամությունը:

Դուք հավատում եք Աստծուն, որովհետև…

Պարզապես մեկ անգամ Աստված ռեալ փոխեց իմ կյանքը, այդ պատճառով ես հավատում եմ Նրան:

Դուք կարո՞ղ եք փոխել աշխարհը:

Եթե աղ ու լույս լինենք, ապա այս աշխարհը փոխելու ազդեցություն կունենանք:

Քայլեր, որոնք կարող են ստիպել հիասթափվել մարդկանցից:

Դավաճանությունը, մանավանդ երբ մատնում են համբույրի միջոցով:

Ի՞նչը կարող է զարմացնել ձեզ:

Ես զարմանում եմ, թե ինչպես կարող է քրիստոնյան այգին տնկելու համար հրավիրել հավատացյալ եղբայրների, բայց երբ պետք է այդ այգու բերքը ուտեն, հրավիրում է անհավատ բարեկամների:

Ինչպիսի՞ն պետք է լինի քրիստոնյա տղամարդը: Բնորոշե՛ք 5 հատկանիշով:

Քրիստոնյա տղամարդը առաջին հերթին պետք է տղամարդ լինի: Շատ կարևոր հատկանիշ է նաև բարությունը, քրիստոնյան պետք է լինի բարի և վճռական: Իր «այո»-ն «այո» է, և «ոչ»-ը` «ոչ»: Քրիստոնյա տղամարդը պետք է լինի աստվածապաշտ և որ ամենակարևորն է, պատրաստ լինի հարվածն իր վրա վերցնելու:

Կին քրիստոնյան ձեր կարծիքով:

Քրիստոնյա կինը պետք է լինի մաքրասեր, որովհետև, ցավոք, ես տեսել եմ, որ դիվահարներն ազատագրվել են, բայց փնթիները չեն փոխվել: Քրիստոնյա կինը պետք է լինի ամուսնուն բարձրացնող, որպեսզի ցանկացած իրավիճակում կարողանա գոտեպնդել նրան: Քրիստոնյա կինը պետք է լինի աղոթող և, բնականաբար, կանացի:

Եթե հնարավորություն ունենայիք ժամանակը ետ տալ, ինչ-որ բան կփոխեի՞ք:

Կարծում եմ, որ ոչինչ էլ չէի փոխի:

Ձեր Ամենամեծ երազանքը:

Եթե ես ննջեմ մինչև Հիսուսի գալուստը, ապա իմ թաղման ժամանակ գոնե երեք հոգի վկայեն, որ օգնել եմ իրենց` գտնելու Երկնքի ճանապարհը:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: