Чудное рождение Айка

2_1532_smallԵս 41 տարեկան էի և ունեի երեք երեխա, երբ կրկին հղիացա: Հայտնվեցի անելանելի դրության մեջ, որովհետև այդ տարիքում այլևս չէի ցանկանում երեխա ունենալ, մանավանդ որ երեխաներս արդեն մեծ էին, նրանցից մեկը նունիսկ ուսանող էր: Ամուսինս նույնպես ցավագին ընդունեց այդ լուրը և ինձ պարտադրեց հեռացնել այդ երեխային: Ես գիտակցում էի, որ դա մեղք է, սակայն հանուն ընտանիքիս խաղաղության, որոշում կայացրի դիմել արհեստական վիժեցման քայլին:

Հիվանդանոց գնալու ճանապարհին զգում էի, որ Աստված խոսում էր սրտիս հետ, որպեսզի չանեմ այդ քայլը: Ամբողջ սրտով ուզում էի հնազանդվել Նրան, ուստի աղոթեցի. «Տեր, Դու տեսնում ես, որ ես չեմ ուզում հակառակվել Քո կամքին, բայց ուրիշ ելք չունեմ: Ես այլևս ուժ չունեմ պայքարելու, խնդրում եմ, հասկացիր ինձ և մի թեքիր երեսդ ինձանից: Դու ես իմ հույսը»:

Արցունքներն աչքերիս մտա հիվանդանոց: Բժիշկն ընդունեց ինձ և կատարեց իր աշխատանքը: Այդ ամբողջ ընթացքում աղոթում էի և Աստծուց պաշտպանություն խնդրում: Երբ վերադարձա տուն, շարունակ մտածում էի, թե ինչպիսին կլիներ իմ բալիկը, ինչ գույն կլինեին նրա աչքերը, մազերը: Հուսահատությունը պատել էր ինձ: Ես կրկին դիմում էի Աստծուն և ասում. «Տեր, այս ինչ արեցի, ես իմ ձեռքերով սպանեցի իմ բալիկին»:

Անցավ 3 ամիս: Հանկարծ զգացի, որ ինչ-որ մի բան շարժվում է իմ որովայնում: Գնացի նույն բժշկի մոտ: Երբ նա քննեց ինձ, զարմացած ասաց. «Դու հղի ես: Երեխան արդեն 5 ամսական է և շարժվում է: Սա անհնարին է, որովհետև իմ ձեռքերով եմ հեռացրել այս պտուղը»: Ես ապշեցի, թե ինչպես կարող էր երեխան կենդանի մնալ արհեստական վիժեցումից հետո: Բժշկուհին ասաց, որ նա արատավոր կծնվի և խորհուրդ տվեց անպայման հեռացնել նրան:

Իմ ապրումներն այնքան ծանր էին, որ չէի հասկանում, թե ինչպես վարվեմ: Մի կողմից չէի ուզում հեռացնել երեխային, որովհետև արդեն բավականին մեծ էր, մյուս կողմից վախենում էի, որ նա արատավոր կծնվի:

Տուն եկա և ամուսնուս պատմեցի, թե ինչ է կատարվել: Ամուսինս ասաց, որ անպայման պետք է ընդհատել հղիությունը, սակայն քույրս առաջարկեց չշտապել, այլ հետազոտվել մեկ այլ բժիշկի մոտ, այնուհետև որոշում կայացնել: Այդպես էլ արեցի: Բժշկական հետազոտություններից հետո պարզվեց, որ նորմալ և առողջ տղա եմ ունենալու: Բժիշկը շատ զարմացավ, երբ իմացավ, թե ինչ է կատարվել: Ես հարցրի` միգուցե երեխաները զույգ են եղել, և նրանցից մեկը կենդանի է մնացել, սակայն նա ասաց, որ դա հնարավոր չէ:

Ես գիտակցեցի, թե ինչ մեծ մեղք եմ գործել և որոշեցի երկրորդ անգամ չսպանել իմ փոքրիկին, ով հրաշքով ողջ էր մնացել: Աստված ինձ ուժ տվեց  դիմակայելու այն բոլոր  հարձակումներին, որ կային ընտանիքիս ու հարազատներիս կողմից: Ես հավատքով կանգնեցի Տիրոջ առջև և աղաղակեցի. «Տե՛ր, խնդրում եմ, թող երեխաս առողջ ծնվի, և ես խոստանում եմ, որ նա իր ամբողջ կյանքում կծառայի Քեզ»:

Այժմ տղաս 9 տարեկան է, սովորում է  2-րդ դասարանում: Մենք նրան շատ ենք սիրում: Նա լցված է Աստծո Հոգով:

Ես ցանկանում եմ դիմել այն կանանց, ովքեր հայտնվել են նման իրավիճակում: Եթե դուք ինչ-ինչ պատճառներով որոշել եք ազատվել ձեր երեխայից, ես ձեզ կոչեմ անում և խնդրում եմ` մի սպանեք ձեր բալիկին, որովհետև դա մեծ մեղք է  և մեծ ցավ` ծնողական սրտի համար:

Սուսաննա Եղիազարյան

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: