Ընդամենը հաշված օրեր անց աշխարհի շատ երկրներում հազարավոր մարդիկ մեծ շուքով և հանդիսությամբ նշելու են, այսպես կոչված, «Հելլոուինը»  կամ «սարսափների տոնը»: Շատերը, այդ թվում իրենց քրիստոնյա համարող մարդիկ,  արդեն իսկ սկսել են նախատոնական պատրաստություններ տեսնել:  Ցավոք,  որոշները նույնիսկ չեն էլ պատկերացնում, թե այս՝  առաջին հայացքից զվարճալի թվացող տոնն իրականում ինչ է ներկայացնում:

Մի փոքր թերթենք հելլոուինի նախապատմությունը:  

Հայտնի է, որ այս «տոնի» արմատները հասնում են մինչև հին կելտերի ժամանակները: Հելլոուինի նախատիպը համարվում է հեթանոս կելտերի  «Սամայն» (անգլ.՝ «Samhain») տոնը: Այն սկզբնավորվել է Հյուսիսային Իռլանդիայի,  Մեծ Բրիտանիայի տարածքներում և ոչ միայն խորհրդանշել է մեկ գյուղատնտեսական տարվա ավարտն ու հաջորդի սկիզբը, այլև ասոցացվել է մահվան և գերբնական մութ ուժերի հետ: «Սամայնը» հիմնականում նշել են հոկտեմբերի 31-ի լույս  նոյեմբերի 1-ի գիշերը:

Самайн«Սամայնը» նաև հայտնի է եղել որպես սարսափազդու տոն: Այդ գիշեր անջատվում էին բնակավայրերի բոլոր լույսերը, որպեսզի բնակիչները նոր լույս վառեին դրուիդ մոգերի խարույկից: Հեթանոս կելտերը հավատում էին սիդ կոչվող վհուկների մասին միֆին, համաձայն որի՝ այդ գիշեր անհետանում էր  մարդկանց և վհուկների միջև գոյություն ունեցող պատնեշը, ինչի արդյունքում սիդ վհուկները գալիս էին կելտական բնակավայրեր, իսկ որոշ մարդիկ «անակնկալ հայտնվում էին անդրաշխարհում»:

Հայտնի է, որ այս դիվական տոնի ընթացքում տեղի էին ունենում նաև մարդկանց և կենդանիների զոհաբերություններ: Նրանց հավաքում էին մեկ վայրում և ողջ-ողջ այրում: Դրուիդ հոգևորականները զոհերին ձեռք էին բերում՝ գիշերվա ընթացքում տնետուն գնալով, մարդկանց սպառնալով կամ էլ , ընդհակառակը,  բարգավաճում խոստանալով:

Քրիստոնեության ներթափանցումից հետո  «սամայնը» որպես այդպիսին այլևս չէր նշվում, բայց որոշակի սովորություններ, սնահավատություններ դեռևս պահպանվում էին: Հետևաբար,    835թ.-ին, Արևմտյան եկեղեցու հաստատած  որոշումը՝ «Բոլոր սրբերի տոնի հիշատակումը կատարել նոյեմբերի 1-ին», հեթանոսական տոնին հնարավորություն տվեց վերափոխվել և հասնել մեր օրեր:   

Հին հեթանոսական տոնը  վերանվանվեց  «All Hallows Eve» (հայ.՝ «Բոլոր սրբերի նախօրե»), որն էլ  բառափոխվեց և ստացավ  ժամանակակից «Hallowen» անվանումը:

Ժամանակի ընթացքում հելլոուինը տարածվեց ամբողջ աշխարհում:

Հելլոուինը կամ սարսափների տոնը նշում էին հիմնականում անգլալեզու երկրներում. Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, ԱՄՆ… Բայց արդեն այսօր՝ գլոբալիզացմանը զուգահեռ, այս սարսափելի տոնը տարածվել է նաև այլ երկրներում: Կախարդների, ուրվականների, վամպիրների, դիվային և առասպելական այլ կերպարների զգեստավորումը հելլոուինի տոնակատարության բաղկացուցիչ և կարևորագույն մասն են: Բացի դա, գերիշխում է չարի, մահվան, օկուլտիզմի թեմատիկան. սարսափ ներշնչող երեկույթներ, կատաղի, վախեցնող գործիքավորմամբ երաժշտություն և այլն:

Տոնի խորհրդանիշ և անբաժանելի մաս է նաև լուսատու դդումը, որը, համաձայն կելտական առասպելաբանության, իբր օգնում էր «հոգիներին՝ գտնել մաքրագործության ուղին»:

Հայաստանում հելլոուինը նշում են  արդեն մի քանի տարի:

Ասել, թե մեր երկրում այն տոնվել կամ տոնվում է անհավանական մեծ մասշտաբներով, սխալ կլինի, բայց չնկատել, որ նման դիվային տոնը հետզհետե մեծ տարածում է գտնում և ընդգրկվում ավելի շատ երիտասարդների հետաքրքրությունների շրջանակներում, ևս անկարելի է:

Հասկանալի է, որ նման նախապատմություն ունեցող «տոնը», մեղմ ասած, հարիր չէ նշել քրիստոնյա համարվող ազգին: Եվ ուրեմն ինչո՞ւ նշել: Ինչո՞ւ զգեստավորվել վհուկների, կախարդների, վամպիրների, դևերի կերպարներով, երբ բոլորս էլ գիտենք, որ դա չէ Տիրոջ կամքը մեզ համար: Մի՞թե մեզ՝ քրիստոնյաներիս համար Աստծո Խոսքն այնքան է արժեզրկվել, որ կարող ենք նշել սատանայական տոներ և երկրպագել չարին:

Տիրոջ Խոսքը չափազանց հստակ է և շիտակ՝ հասկանալու համար, որ ամեն դիվային, սատանայական երևույթ պիղծ է Տիրոջ աչքերին և, հետևաբար, անընդունելի՝ քրիստոնյայի համար:

«…չեք կարող Տիրոջ բաժակից խմել և  դևերի բաժակից: Չեք  կարող Տիրոջ սեղանից վայելել և դևերի սեղանից: Կամ թե Տիրոջը նախանձի գրգռե՞նք. մի՞թե Նրանից ավելի զորավոր ենք» (Ա Կորնթ.10.21,22):

Սիրելի՛ հայ քրիստոնյա, մի՛ ընտրիր չարը բարու փոխարեն, մի՛ ընտրիր անեծքը օրհնության փոխարեն: Մի՛ ընտրիր մահը, երբ քեզ ժառանգություն է տրված Կյանքը: Կերպարանվի՛ր ոչ թե վհուկների, այլ Քրիստոսի նմանությամբ: Ապրի՛ր Տիրոջ նմանությամբ ոչ թե մեկ գիշեր, այլ մի ամբողջ կյանք:

Համարձակ հռչակի՛ր, որ քրիստոնյա ես, և մի՛ գնա ամբոխի ետևից:

«Անհավատների հետ այլախառն լծակից մի՛ եղեք, որովհետև ի՞նչ մասնակցություն ունի արդարությունը անօրենության հետ. Եվ ի՞նչ հաղորդություն ունի լույսը խավարի հետ։  Եվ ի՞նչ միաբանություն ունի Քրիստոսը Բելիարի հետ կամ ի՞նչ բաժին ունի հավատացյալն անհավատի հետ: Կամ ի՞նչ համաձայնություն ունի Աստծո տաճարը կուռքերի հետ, որովհետև դուք կենդանի Աստծո տաճարն եք, ինչպես Աստված ասաց,  թե Նրանցում կբնակվեմ, և նրանցում ման կգամ, նրանց Աստված կլինեմ, և նրանք իմ ժողովուրդը։ Նրա համար  նրանց միջից դո՛ւրս գնացեք և բաժանվե՛ք,- ասում է Տերը,- և պիղծ բաների մի՛ դիպչեք։ Եվ  Ես կընդունեմ ձեզ, և Ես ձեզ Հայր կլինեմ, և դուք ինձ որդիներ և աղջիկներ կլինեք,- ասում է Ամենակարող Տերը» (Բ Կորնթ. 6.14-18):

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: