Edik Petrosyan

Հունիսի 23-ին, ժամը 18:00-ին “Կյանքի Խոսք” եկեղեցում տեղի կունենա Հիշատակի արարողություն` նվիրված հովիվ Էդուարդ Պետրոսյանին, ով ղեկավարում էր եկեղեցու միսիոներական ծառայությունը:

Բոլոր ընկերներին, մտերիմներին, ծառայակիցներին ու այն մարդկանց, ովքեր առիթ են ունեցել շփվելու, լսելու և ճանաչելու Աստծո նվիրյալ ծառային, հրավիրում ենք մասնակցելու հիշատակի արարողությանը:

Հունիսի 20-ին Էդիկ Պետրոսյանը նահատակվեց Սիրիայի Հալեպ քաղաքում, որտեղ մեկնել էր ծառայելու և աջակցելու դժվարին կացության մեջ գտնվող մարդկանց: Հալեպից բազմաթիվ վկայություններ կան, թե ինչ մեծ սրտով է նա ծառայել, որքան մարդկանց է օգնել, քաջալերել և ինչպես է Քրիստոսի սերը տարածել` անտեսելով մահվան վտանգները:

Հալեպում գտնվելու վերջին օրերին շատերը խնդրում էին նրան վերադառնալ Հայաստան, բայց պատերազմի թակարդում հայտնված ժողովրդի հանդեպ սերն ու ցավը թույլ չտվեցին նրան հետ գալ:

Նա զանգահարում էր մտերիմներին, ոգևորությամբ պատմում, թե ինչպես են օգնում մարդկանց: Հովիվ Էդիկը հավաքել և իր հետ տարել էր որոշակի դրամական օժանդակություն, ինչի շնորհիվ հումանիտար աջակցություն էր ցուցաբերել առավել կարիքավորներին:

Նրա վիզայի ժամկետը լրացել էր, և նա պետք է վերադառնար, բայց ասաց, որ չի կարող թողնել մարդկանց, ուստի որոշեց մնալ: Եղբայրներից մեկի` Կարո Մկրտիչյանի հետ շտապում էին վիզան երկարացնելու, սակայն, ցավոք, պայթյունի հետևանքով երկուսն էլ զոհվեցին:

Նա այդ քայլին գնում էր լիովին գիտակցելով, թե ինչ է անում, քանի որ նրա միակ դրդապատճառը մարդկանց ծառայելն էր: Եվ նա երջանիկ էր, որ կարող է ինչ-որ բանով օգնել նրանց: Այդպես երջանիկ, խիզախ ու բարի էլ կհիշենք միշտ քեզ, մեր սիրելի եղբայր:

Էդիկ Պետրոսյանն Աստծուն փառավորեց ոչ միայն կյանքով, այլև` մահով: Նա նահատակ է, հերոս, ով իր անձը չխնայեց ուրիշների համար:

“Պատվական է Տիրոջ առջև Նրա սուրբերի մահը” (Սաղմոս 116:15):

“Ոչ ոք սրանից ավելի մեծ սեր չունի, քան որ մեկն իր անձը դնի իր բարեկամների համար” (Հովհաննես 15.13):

Նա թողեց ընտանիք` կինը և երեք զավակները` երկու որդի և մի դուստր: Կիսում ենք նրանց ցավը և աղոթում, որ Սուրբ Հոգին մխիթարի և զորացնի նրանց: Նրանք տվել են իրենց թանկը` ընտանիքի հորը. թող որ այս պատվական սերմն արթնություն աղաղակի Սիրիայի համար:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: