Հիսուսն է բժիշկը երեկ, այսօր և հավիտյան: Այս մասին նոյեմբերի 28-ի և 29-ի եկեղեցական ծառայություններին քարոզեց ավագ հովվի օգնական Բագրատ Բեկչյանը:

«Հրաշքը ձեզնից հեռու չէ: Չկա մի հիվանդություն, որը չխոնարհվի Հիսուս Քրիստոսի անվան առջև: Երբ մենք հավատքի քայլ ենք կատարում դեպի Տերը, Նա Իր հրաշքն է անում մեր կյանքում»,- ասաց Բագրատ Բեկչյանն ու հավելեց, որ Հիսուսը նախ՝ խոսում էր հիվանդների հետ, իսկ հետո, երբ հիվանդները լսում էին Խոսքը, իրենց հավատքը բարձրանում էր, և բժշկվում էին:

Բագրատ Բեկչյանը, մեջբերելով բժշկության հետ կապված աստվածաշնչյան մի շարք խոսքեր, նշեց.  «Երբ մենք քայլ ենք կատարում դեպի Տերը, Նա անպայման պատասխանում է: Հիվանդությունը մեզ համար չէ: Այն մեզ չի պատկանում: Տեր Հիսուսը խաչի վրա վերցրեց ամեն ցավ և հիվանդություն: Նա տվեց հիվանդներին բժշկություն, դիվահարներին ազատագրում և կապյալներին ազատ արձակեց: Նա վերադարձրեց մեզ այն ամենը, ինչ գողացել էր սատանան:

Միևնույն սկզբունքը գործում է ինչպես Տեր Հիսուսի երկրային օրերում, այնպես էլ այսօր: Կբժշկվենք արդյոք, թե՝ ոչ, կախված է ոչ թե նրանից, ով կաղոթի մեզ համար, այլ մեր ունեցած հավատքից, որի հիմքը Աստծո Խոսքն է»:

«Իրար խոստովանեք ձեր հանցանքները և միմյանց համար աղոթք արեք, որ բժշկվեք, շատ զորավոր է արդարի աղոթքը՝ ներգործելով» (Հակոբ. 5.16):

Քարոզից հետո Բագրատ Բեկչյանի հետ միասին եկեղեցու ծառայողները ձեռնադրելով աղոթեցին հիվանդների համար: Վերջում շատերը վկայեցին իրենց ստացած բժշկության  և  տպավորությունների մասին:

-Առողջական խնդիրներ ունեի, այդ թվում նաև՝ տեսողական: Բայց, փա՛ռք Աստծուն, երբ ձեռնադրեցին և աղոթեցին համար, Տերը բժշկեց ինձ: Շնորհակալ եմ Աստծուն և ուրախ, որ կկարողանամ առանց դժվարությունների Աստվածաշունչ կարդալ,- ասաց Ջուլյա Վարդանյանը:

-Իրականում շատ կարևոր է ճիշտ գիտություն ունենալ բժշկության վերաբերյալ: Ինչպես Բագրատ Բեկչյանը նշեց, շատ մարդիկ սխալ պատկերացում ունեն հիվանդությունների վերաբերյալ: Նրանց թվում է, թե Տիրոջ կամքն է, որ իրենք հիվանդ լինեն, այնինչ Աստված ուզում է, որ մարդիկ բժշկված լինեն,- ասաց Արթուր Սեդրակյանը:

Եկեղեցական ծառայությունն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղումով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: