Դեկտեմբերի 26-ին և 27-ին տեղի ունեցան այս տարվա եկեղեցական վերջին ծառայությունները, որոնց ընթացքում քարոզեց հովիվ Արթուր Սիմոնյանը: 

«Ուրեմն եթե մեկը Քրիստոսում է՝ նոր ստեղծված է. հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ» (Բ Կորնթ. 5.17):

Հովիվ Արթուրը կոչ արեց՝ տարին դիմավորել նոր փոփոխություններով և որոշումներով:

«Աստծո Խոսքում ասվում է, որ նոր գինին հին տիկերի մեջ չեն լցնում: Այդպես էլ նոր տարին հին կյանքով մի՛ ընդունեք: Թող որ 2016 թվականը ձեզ համար լինի վկայության տարի: Ավելի հաճախակի՛ եկեք եկեղեցի, ավելի շա՛տ կարդացեք Աստվածաշունչ և ավելի շա՛տ աղոթեք»,- ասաց հովիվ Արթուրը:

«Եվ նոր մարդուն հագնեք, որ Աստծո պատկերի պես ստեղծված է՝ ճշմարտության արդարությունով և սրբությունով» (Եփես. 4.24)։

Մի փոքրիկ փոփոխությունը կարող է փոխել մի ամբողջ կյանք: Հովիվ Արթուրը կոչ արեց՝ նոր տարում ավելի շատ փափագել Սուրբ Հոգու պարգևներին և լինել այնպիսի քրիստոնյաներ, ինչպիսիք առաջին դարում էին՝ աղոթքի մեջ զորացած, հավատքով լի՝ առ Աստված, մկրտված Սուրբ Հոգով, լցված Հոգու պտուղներով և պարգևներով:

«Աշխարհը զարգանում է դեպի կործանում, մենք՝ դեպի Գործք առաքելոց: Առաջին դարի քրիստոնյաները հավատում էին, որ Աստված կարող է իրենց օգտագործել: Սուրբ Հոգու պարգևները կհորդեն յուրաքանչյուրիս կյանքում, եթե մեր մտածելակերպով և պատկերացումներով  չսահմանափակենք Նրան»,- ասաց հովիվ Արթուրը:

Հովիվը հորդորեց սպասում ունենալ Աստծուց, ոչ թե մարդուց, քանի որ  զորությունն ու օծությունը Աստծունն են: Նա՛ է կարիքներ լրացնողն ու բժշկողը:

Քարոզի վերջում եկեղեցու հովիվներն աղոթեցին և յուղով օծեցին բոլորին:

-Իսկապես շատ զորավոր և օծված ծառայություն էր: Աստծո հրաշալի ներկայությունը կար: Բայց հատկապես այն խոսքը, որ եկող տարվա համար հռչակեց հովիվ Արթուրը, իմ սպասումն էր  դեռ այս տարվա սկզբից: Ես շատ մեծ սպասում ունեմ եկող տարվա համար հովվի հռչակած մարգարեությունից: Հավատում եմ, որ Սուրբ Հոգու պարգևների հզոր և գերբնական դրսևորումներ կունենանք: Ես շատ օրհնված եմ,- ասաց Գայանե Միքայելյանը:

-Եվս մեկ մարգարեական հաստատություն, որ Տիրոջ զորության գերբնական մեծությունը գործելու է եկեղեցում: Սա այն էր, ինչի համար վերջին շրջանում թե՛ եկեղեցու համար, և թե՛ անձամբ ինձ համար աղոթում էի,- ասաց Լուսինե Վարդանյանը:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: