DAILY DEVOTION-am-1200-600

Սուրբ Հոգին օգնում է մեր տկարություններին: Մենք երբեմն չգիտենք, թե ինչի համար և ինչպես պետք է աղոթենք, բայց Նա անբարբառ հառաչանքներով բարեխոսում է մեզ համար:

Շատերը, լսելով Սուրբ Հոգով մկրտության և այլևայլ լեզուներով աղոթքի մասին,  սկսում են վիճաբանել: Սակայն Աստվածաշնչում հստակ գրված է, որ լեզուները Սուրբ Հոգու պարգևն են, և մենք չենք կարող դա անտեսել: Կան մարդիկ, ովքեր օժտված են լեզուների թարգմանության պարգևով և կարող են թարգմանել օտար լեզուներով աղոթքը:

Աստվածաշնչում խոսվում է ոչ միայն այլևայլ լեզուներով աղոթքի, այլև անբարբառ հառաչանքների մասին: Դանիելի մարգարեությունում գրված է, թե ինչպես Բաղդասար թագավորի պալատում մի ձեռք հայտնվեց և պատին գրեց. «Մանե, մանե, թեկեղ ու փարսին»: Սա նման է անբարբառ հառաչանքների: Միայն Դանիելը կարողացավ մեկնել անհասկանալի գիրը: Նա ասաց. «Այս է խոսքի մեկնությունը. Մանե, Աստված համարել է քո թագավորությունը և նրան վերջ տվել…» (Դանիել 5.26):

Մեկ բառի մեջ մի ամբողջ խորհուրդ էր ամփոփված: Պատկերացրեք, թե ինչ է տեղի ունենում, երբ մեկ ժամ աղոթում ենք Սուրբ Հոգով: Մենք խորհուդներ ենք խոսում Աստծո հետ: Պողոս առաքյալն ասում է. «Լեզուներով խոսողը մարդկանց հետ չի խոսում, այլ Աստծո հետ. որովհետև ոչ ոք չի լսում, բայց հոգով խորհուրդներ է խոսում» (Ա Կորնթ. 14.2):

Աստված չի կամենում, որ սատանան իմանա մեր խնդիրների մասին և դրանք օգտագործի մեր դեմ: Սուրբ Հոգին, տեղյակ լինելով, թե ինչ է տեղի ունենում մեր  ներսում, անբարբառ հառաչանքներով բարեխոսում է մեզ համար: Դրանք նման են կոդի, որ միայն Աստված է հասկանում: Գրված է. «Եվ սրտերը քննողը գիտի, թե ինչ է Հոգու խորհուրդը…» (Հռոմ. 8.27):

Սիրելինե’ր, հավատացե’ք, որ նույնիսկ մենք չգիտենք, թե մեզ ինչ է պետք, բայց Սուրբ Հոգին գիտի: Ուստի, մի’ դադարեք Սուրբ Հոգով աղոթելուց, որովհետև Նա  բարեխոսում է ձեզ համար, և Աստված պատասխանում է ձեր աղոթքներին, զորացնում և օգնում ձեզ:

Եղեք օրհնվա’ծ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: