Նոյեմբերի 17-ին Երևանի «Կյանքի Խոսք» եկեղեցում ավարտվեց Հովվական եռօրյա կոնֆերանսը, որի շրջանակներում աշխարհի տարբեր երկրներից Երևան էին ժամանել հայ հովիվներ: Համաժողովի պատվավոր հյուրն էր Գերմանիայի Ավետարանական հավատքի եկեղեցիների միության եպիսկոպոս Յոհաննես Յուստուսը:

Հովիվ Արթուր Սիմոնյանը նշեց, որ այս կոնֆերանսը կազմակերպելու ցանկությունը Տերն էր դրել իր սրտում: «Մենք ամեն տարի կազմակերպելու ենք նմանատիպ համաժողով, որպեսզի յուրաքանչյուր հովիվ գա իր եկեղեցի՝ «հայրական տուն», և վայելի «հայրական տան» ջերմությունը: Այստեղ նրանց համար հոգ կտանենք, կզորացնենք, որ նոր թափով ծառայեն և պտուղ բերեն: Գլխավոր նպատակն է՝ Սուրբ Հոգու զորությունը տարածել ամբողջ աշխարհով, որպեսզի մարդիկ ապաշխարեն և փրկություն գտնեն»,- ասաց հովիվ Արթուրը:

Եպիսկոպոս  Յոհաննես Յուստուսն իր քարոզում նշեց, որ աշխարհի քրիստոնյաներին միավորում են Տեր Հիսուս Քրիստոսը և Նրա Մեծ հանձնարարականը: Յուրաքանչյուր քրիստոնյա կանչված է ծառայելու, հաղթանակներ ունենալու, նոր մշակներ բարձրացնելու և Երկնային արքայությունում իր պսակին արժանանալու համար:

«Տիրոջ սիրո լեզուն խոնարհությունն է: Աստծուն ավելի մոտենալու և փառքի պսակին հասնելու համար մենք բարձրանում ենք խոնարհվելով:  Անցյալի փորձառությունը ցույց չի տալիս՝ ինչպիսին կլինի ապագան: Նոր հաջողությունների համար պետք է խոնարհվենք և անցյալում թողնենք հինը»,- ասաց եպիսկոպոսը:

Կոնֆերանսի ընթացքում տիրում էր հիանալի մթնոլորտ: Հովիվները կիսվում էին իրենց տպավորություններով և շփվում միմյանց հետ:

«Որպես  Աստծո մարդիկ՝ մենք պետք է խոնարհվել սովորենք, որովհետև այդ դեպքում է Տերը փառավորվում և մեծարվում: Երբ մենք խոնարհվում ենք, Տերն է բարձրանում և մեզ էլ բարձրացնում»,- նշեց Հոլանդիայի «Կյանքի Խոսք» եկեղեցու հովիվ Էմիլ Սարգսյանը:

Վիեննայի «Կյանքի Խոսք» եկեղեցու հովիվ Աշոտ Մարգարյանի խոսքով՝ պետք չէ հիմնվել միայն սեփական փորձառության և գիտելիքի վրա. «Պետք է գիտակցել և հավատալ, որ Տիրոջ հնարավորություններն անհամեմատ ավելի շատ են, քան փորձառությունդ կարող է ցույց տալ»:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: