Հրաշալի խոսքեր են գրված. «…նրա օրհնությունը մնում է հավիտյան»: Բայց եկեք սկզբից կարդանք. «Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է…»:

Իմաստությունը ամենակարևոր հատկանիշներից է մարդու համար: Ես բազմիցս նշել եմ, որ իմաստությունն ու գիտությունը տարբեր հասկացություններ են: Օրինակ` ամեն տեղ կարելի է տեսնել կրթված լկտիներ, կաշառակերներ կամ պարզապես վատ մարդիկ, բայց երբեք չեք տեսնի, որ իմաստունը լկտի, կաշառակեր կամ վատ մարդ լինի, որովհետև նա գիտի, թե այդ ամենի վերջը ինչ է լինելու:

Այսօր շատերը բավարարվում են միայն կրթություն ստանալով: Իհարկե, կրթությունը մեզ օգնում է աշխատանքի բնագավառում: Սակայն կյանքում լինում են այնպիսի իրավիճակներ, երբ միայն կրթությունը բավական չէ. մեզ իմաստություն է անհրաժեշտ:

Իմաստությունը Տիրոջ պարգևն է: Իմաստուն մարդը տեսնում է ապագան: Նկատե՞լ եք՝ երբ մեկի խոսքերն իրականանում են, ասում ենք. «Ի՜նչ իմաստուն մարդ էր, գիտեր, թե ինչ էր լինելու ապագայում»: Այո՛, հենց իմաստությունն է, որ մեզ օգնում է՝ տեսնելու ապագան և ճիշտ քայլեր անելու: 

Մարդիկ հաճախ ասում են. «Երանի՜ այս նույն խելքը երիտասարդ տարիքում ունենայի. այնքա՜ն բաների կհասնեի…»: Այսինքն` եթե նրանք ժամանակին իմանային, թե ինչ էր լինելու ապագայում, այնպես կապրեին, որ ձեռքբերումներ ունենային, ոչ թե կորուստներ: 

Այսօր մեր աղքատության, խնդիրների ու դժվարությունների հիմնական պատճառը իմաստության պակասն է: Շատերը հեռանում են մեր երկրից` հույս ունենալով օտարության մեջ բարեկեցություն գտնել: Բայց ի՞նչ գիտենք, միգուցե Աստված մեզ օրհնելու է հենց այնտեղ, որտեղ ապրում ենք: Պարզապես մենք պետք է իմաստություն ունենանք` հասկանալու համար, թե ինչ անենք, որ հաջողության հասնենք:

Ոմանք այնպիսի գործեր են ձեռնարկում, որոնք պահանջարկ չունեն և սկզբից ևեթ դատապարտված են անհաջողության, ոմանք էլ գիտեն, թե ինչ գործ անեն, որ տարիներ շարունակ եկամուտ ունենան:

Յուրաքանչյուրս իմաստության կարիք ունենք, որպեսզի հասկանանք, թե ինչ գործ ձեռնարկենք, ինչպես վարվենք մեր ընտանիքի անդամների, աշխատակիցների կամ ընկերների հետ, ինչպես ծառայենք եկեղեցում և այլն:

Գրված է, որ իմաստությունը տրվում է Տիրոջից վախեցողներին: Նույնիսկ եթե մեկի մասին չարախոսում ես, նշանակում է` երկյուղ չունես: Խնդրի՛ր, որ Տերը քեզ օգնի, և երկյուղ ունենաս կյանքիդ յուրաքանչյուր բնագավառում:

Աստված օրհնի քեզ: Ամե՛ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: