Հռոմեացիներին ուղղված  թղթի 1.17-ում գրված է, որ արդարը հավատքով կապրի, բայց Հակոբոս առաքյալն ասում է. “Ի՞նչ է օգուտը, եղբայրներ, եթե մեկն ասի, թե հավատք ունի, և գործ չունենա. մի՞թե հավատքը կարող է ապրեցնել նրան”:

Առաջին հայացքից՝ այս երկու խոսքերում հակասություն կա: Սակայն Հակոբոս առաքյալը չի ասում, թե հավատքը կարևոր չէ, այլ ավելացնում է, որ հավատքը պետք է գործեր ունենա: Նույն գլխի 26-րդ խոսքում նա գրում է. “Որովհետև ինչպես որ մարմինն առանց հոգու մեռած է, այնպես և հավատքն առանց գործերի մեռած է”:

Այսպիսով, եթե ինչ-որ մեկը հավատք ունի, բայց գործեր չունի, նա իրականում հավատք էլ չունի, որովհետև հավատքն առանց գործերի մեռած է:

Օրինակ` եթե դու դաշնամուր նվագել չգիտես, բայց հավատում ես, որ հինգ տարի հետո լավ դաշնակահար կդառնաս, միայն հավատքով արդյունքի չես հասնի: Դու պետք է գործես:

Հավատքը մեզ մղում է գործելու: Տերը օրհնում է նրան, ով գործում է իր հավատքի համաձայն:

Հիսուս Քրիստոսը մարդկանց փրկելու համար եկավ այս աշխարհ և խաչվեց: Աբրահամը, հավատալով Աստծուն, դուրս եկավ իր երկրից և գնաց այնտեղ, ուր Աստված իրեն ուղարկեց: Աստվածաշնչի բոլոր օծյալների կյանքում հավատքը և գործերը միասին էին քայլում:

Սիրելի՛ս, այսօրվանից սկսիր գործել հավատքիդ համաձայն, որովհետև հավատքն առանց գործերի մեռած է: Աստվածաշունչն ասում է, որ մեռած հավատքը չի կարող քեզ ապրեցնել, մինչդեռ կենդանի հավատքը սարեր կշարժի, հրաշքներ կգործի: Արդարը հավատքով կապրի:

Աստված օրհնի քեզ: Ամե՛ն:

***

Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: