What is your name?

Սեպտեմբերի 16-ին Երևանի «Կյանքի Խոսք» եկեղեցում տեղի ունեցավ երիտասարդական ծառայություն, որի ժամանակ քարոզեց երիտասարդական ծառայության պատասխանատու Համլետ Արսենյանը:

Համլետ Արսենյանն իր քարոզը վերնագրել էր այսպես՝ «Ի՞նչ է քո անունը»: Նա երիտասարդներին կոչ արեց՝ չնահանջել, վերադառնալ Աստծո մոտ, քանի որ միայն Նա կարող է վերականգնել յուրաքանչյուր «ընկածի» բարի անունը:

Ըստ Բ Տիմոթեոսի 3.1-5 խոսքերի՝ վերջին ժամանակներում մարդիկ կլինեն ինքնասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյող, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, գոռոզ, ավելի ցանկասեր, քան թե աստվածասեր։ Որ աստվածապաշտության կերպարանքն ունեն, բայց Աստծո զորությունն ուրացած են:

«Սրանք այն բնավորություններն են՝ անունները, որոնք մենք կարող ենք ունենալ՝ մեղավոր կյանքով ապրելու արդյունքում: Սակայն ժամանակն է, որ սթափվես, զղջաս, ապաշխարես, ներողություն խնդրես, փոխվես և որոշում կայացնես՝ պահել այն նոր անունը, որ Աստված տալիս է քեզ:

Ապաշխարությունը պտուղ ունի. Տերը քեզ նոր անուն կտա, ինչպես գրված է Հայտնության գրքի 3.11,12 խոսքերում. «Ահա Ես գալիս եմ շուտով. պահի՛ր այն, որ ունես, որ ոչ ոք չառնի քո պսակը։ Ով որ հաղթում է, սյուն կանեմ նրան Իմ Աստծո տաճարում, և այլևս դուրս չի գա, և նրա վրա կգրեմ Իմ Աստծո անունը, և Իմ Աստծո քաղաքի անունը, այն Նոր Երուսաղեմի անունը, որ իջնում է երկնքից՝ Իմ Աստծուց, և Իմ նոր անունը»:

Աստված վերականգնում և նորոգում է քո անունը, սակայն դու պետք է ջանք անես՝ չկորցնել և պահել այդ բարի անունը, որ Նա տվել է քեզ»,- ասաց Համլետը, կոչ անելով երիտասարդներին՝ չընտրել հին և սխալ ուղիները, այլ քայլել նոր, բարի անվանը համապատասխան ճանապարհով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: