Wolarm.org կայքի զրուցակիցը Ռուսաստանի Պենզա քաղաքի «Կյանքի Խոսք» եկեղեցու հովիվ Սամվել Գրիգորյանն է:

Ձեր կարդացած վերջին գիրքը՝ Աստվածաշնչից բացի:

Գոռ Մեխակյանի «Գինի՞, թե՞ գինի» և Արսեն Պողոսյանի «Նոյեմի՞, թե՞ Բոոս» գրքերը:

Հավատքը՝ ձեր բնորոշմամբ:

Հավատքը կյանք է: Հավատքը Հոգի է, որն արտահայտվում է Աստծուն վստահելով, հնազանդ լինելով ու սպասելով, որ Աստծո փառքը, շնորհքն ու օրհնությունները անպայման կդրսևորվեն մեր կյանքում:

Հայտնություն, որը փոխել է ձեր կյանքը:

Շատ հայտնություններ են փոխել իմ կյանքը, բայց առաջինը, որից սկսվեցին փոփոխությունները այն է, որ Հիսուսը Աստծո Որդին է և իմ Փրկիչը:

Ընտանիքը՝ ձեր բնորոշմամբ:

Ընտանիքը՝ Աստծո կողմից տղամարդուն և կնոջը տրված ամենաապահով, ամենաերջանիկ և երանելի միությունն է և այն տեղը, որտեղ թե՛ կինը, թե՛ տղամարդը կանչված են վայելելու Աստծո երանելիությունը, երջանկությունը և ամենաբարի բաները:

Ի՞նչ է եկեղեցին:

Եկեղեցին առաջին հերթին իմ ընտանիքն է: Բառացիորեն ես հավատում եմ, որ եկեղեցին եղբայրություն և քույրություն է:

Եթե հնարավորություն ունենայիք ինչ-որ բան փոխելու, ի՞նչը կփոխեիք:

Ես կուզեի փոխել բոլոր վրիպումներն ու սխալներն իմ կյանքում, որովհետև դրանք չեն փառավորել Աստծուն:

Մարդու 3 հատկանիշ, որոնք կարևորում եք ամենից առավել:

Հավատարմությունը, ազնվությունը և Քրիստոսի վեհ Հոգին մարդու մեջ:

Դուք հավատում եք Աստծուն, որովհետև…

Որովհետև Աստված հավատարիմ է, Նա ամենակարող է, Ես հավատում եմ Աստծուն, որովհետև հենց Ինքը՝ Աստվա՛ծ է իմ սրտում հավատք դրել:

Գործեր, որոնք կարող են ստիպել՝ հիասթափվել մարդկանցից:

Փոքրոգի լինելը և սուտը: Սա ավելի շատ ոչ թե հիասթափություն է, այլ եզրակացություն, որ այդպիսի մարդկանց  չի կարելի վստահել:

Ձեր ամենամեծ երազանքը:

Իմ երազանքը կարող է շատերին զարմացնել, քանի որ հոգևոր է: Ես շատ եմ ուզում Հիսուսին համբուրել: Համբուրել իմ Տիրոջ ձեռքերն ու ոտքերը:

Դուք կարո՞ղ եք փոխել աշխարհը:

Ես կարող եմ և պատասխանատվություն ունեմ փոխել իմ ներսը, ինձ, այսինքն՝ այն ամենը, ինչը1 (1) խանգարում է՝ կատարելապես ծառայելու, նվիրված լինելու, երկրպագելու և սիրելու Աստծուն:

Ի՞նչ եք անում ձեզ փոխելու համար:

Խոնարհվում եմ Աստծո առջև և փնտրում եմ Տիրոջ երեսը:

Ի՞նչը կամ ո՞վ կարող է զարմացնել ձեզ:

Ինձ զարմացնում ու հիացնում են ոչ ստանդարտ, գեղեցիկ բաները և այն մարդիկ, ովքեր, ինչպես Պողոս առաքյալն է ասում աստվածաշնչյան ռուսերեն բառացի թարգմանությամբ՝ «խելագար են՝ հանուն Քրիստոսի»: Ես հիանում եմ, երբ մարդիկ իրենց մեջ ուժ են գտնում հանուն Հիսուսի խելահեղ, ցնորված քայլերի դիմել: Ինձ համար դա գեղեցկություն է:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: