Տերը կատարում է Իրենից վախեցողների կամքը: Նա լսում է նրանց ձայնը և նրանց փրկում: 

Յուրաքանչյուրս ունենք կամք: Եվ բոլորս էլ կցանկանայինք, որ Տերը լսեր մեր աղոթքն ու աղաչանքը և կատարեր մեր կամքը:

Սակայն, հետաքրքիր է, ինչո՞ւ է Աստված կատարում միայն Իրենից վախեցողների կամքը: Չէ՞ որ բոլորս էլ Տիրոջ ստեղծագործություններն են: Մի՞թե Աստված աչառություն է անում:

Ո՛չ, Աստված աչառություն չի անում: Նա կատարում է Իրենից վախեցողների կամքը, որովհետև նրանք երբեք չափը չեն անցնի և չար բան չեն ցանկանա: 

Երբեմն մարդիկ ոչ ճիշտ աղոթքներ են անում: Օրինակ` սիրահարվում են մեկին և սկսում են աղոթել. «Տե՛ր Աստված, թող այս մարդը ինձ սիրի…»: Ի՞նչ եք կարծում` Տերը կկատարի՞ նրանց կամքը: Իհարկե` ոչ: Տիրոջից վախեցողը եսասիրական աղոթքներ չի անի:

Երբեմն էլ մարդիկ վիրավորվում են մեկից և սկսում են աղոթել նրա դեմ. «Տե՛ր Աստված, պատժի՛ր նրան, որ հասկանա, թե ինչ է արել»: Տվյալ դեպքում աղոթողն իր կատաղությունն է թափում Աստծո առջև, և Աստված չի կատարի նրա կամքը, որովհետև նա աստվածավախություն չունի: 

Տիրոջից վախեցողների աղոթքները լցված են խաղաղությամբ, հեզությամբ: Երբ աշակերտները մոտեցան Քրիստոսին և հարցրին, թե ինչպես պետք է աղոթել, Նա սովորեցրեց «Հայր մեր» աղոթքը, որտեղ չկար ո՛չ եսասիրություն, ո՛չ ագրեսիվություն, այլ՝ միայն խնդրվածք, աղաչանք, փառաբանություն և մեծարանք առ Աստված:

Ո՞վ է հոգևոր մարդը: Շատերը հոգևոր մարդ ասելով՝ պատկերացնում են մեկին, ով ժամերով աղոթում է: Իհարկե, օրհնված է այն մարդը, ով շատ է աղոթում, բայց երկար աղոթքները դեռ հոգևորության ցուցանիշ չեն: Միգուցե այդ մարդը բազմաթիվ մեղքեր է գործել, այդ պատճառով էլ անդադար աղոթում է, որ մեղքերի թողություն ստանա Աստծուց: 

Իմ կարծիքով` հոգևոր մարդը նա է, ով ունի Քրիստոսի մտածելակերպը, լցված է Նրա Հոգով և, իհարկե, աստվածավախ է:

Սիրելինե՛ր, եղե՛ք հոգևոր, աստվածավախ մարդիկ, և Տերը կպատասխանի ձեր աղոթքներին: Ամե՛ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: