Մեր լուսավոր, գունավոր և Աստծո Խոսքով լի պատանեկան կոնֆերանսը շարունակվում է: Օրվա երկրորդ մասում քարոզեց Ռաֆայել Եփրեմյանը:

«Հիսուս Քրիստոսի շնորհիվ դու ավելին ես, քան պարզապես հաղթող»,- ասաց Ռաֆայելը և շարունակեց, որ պատանիներն իրենց կյանքում հաղթանակներ կունենան և պատրաստ կլինեն Աստծուն ծառայել, եթե միշտ աղոթեն ու մտերմանան Հիսուսի հետ:

Ռաֆայելը պատանիներին հարց ուղղեց, թե ինչ են պատրաստ անելու Աստծո համար: Հարցի պատասխանները շատ էին, ասելիքն ու նպատակը` նույնը. նրանք ուզում են ծառայել Տիրոջը, ավետարանել մարդկանց, նվիրել Աստծուն ամբողջ կյանքը:

Քարոզին հաջորդում էր հետաքրքրաշարժ և մրցութային խաղերով լի ընդմիջումը, որից հետո երիտասարդ ծառայողները պատանիների հետ կրկին վարպետության դասեր անցկացրին: Այս անգամ պատանի աղջիկներն ու տղաներն առանձին խմբերով մասնակցեցին վարպետության դասերին:

Տղաները սովորեցին` ինչպե՞ս պետք է իրեն դրսևորի քրիստոնյան, ո՞րն է իրական խիզախությունը, ինչպե՞ս զանազանել քրիստոնյայի խոնարհությունն ու հնազանդությունը խեղճությունից և այլն: Իսկ այդ ընթացքում աղջիկները սովորեցին, թե ինչպես պետք է հագնվի քրիստոնյա աղջիկը, որպեսզի լինի գեղեցիկ, ճաշակով` միևնույն ժամանակ չանցնելով համեստության սահմանը:

Իսկ օրվա վերջին ծառայությունն անցկացրեց Մարիամ Դանիելյանը, ով պատանիներին կոչ արեց զարգացնել իրենց տաղանդները և օգտագործել դրանք Տիրոջ փառքի համար:

«Ձեզնից յուրաքանչյուրն առանձնահատուկ է յուրովի: Եղե՛ք այնպիսին, ինչպիսին Տերն է կամենում: Տարբերվե՛ք մյուսներից` կատարելով այն, ինչ Աստծո Խոսքում է ասվում: Եղե՛ք բարի և մարդկանց օգնող»,- եզրափակեց Մարիամը:

Սիրելի՛ պատանի, առջևում կա դեռ մի ամբողջ օր, մինչև կավարտվի հենց քեզ համար կազմակերպված «Ես պատրաստ եմ» կոնֆերանսը: Շտապի՛ր միանալ մեզ վաղը` հոկտեմբերի 30-ին,  ժամը 10.00-ին, «Կյանքի Խոսք» եկեղեցու գրասենյակում: Մենք սպասո՛ւմ ենք քեզ:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: