Մայիսի 17-ին և 18-ին կեղեցական մեծ ընդհանուր ծառայություններնանցկացրեց շատ սպասված հյուր հովիվ Մաթս-Օլա Իսհոյելը, ով խոսեց ընտանիքների, եկեղեցու և, առհասարակ, մարդկային փոխհարաբերությունները ճիշտ կառուցելու նրբություններից:

Աստծո կամքն է, որ եկեղեցին և մեր ընտանիքներն աճեն: Հովվի խոսքով՝ այդ աճը տեղի է ունենում ոչ միայն նյութապես և քանակապես, այլև՝ մեր իսկ արտաբերած խոսքերի ազդեցությամբ: Ինչպիսին մեր խոսքերն են, այնպիսին էլ կլինի մեզ շրջապատող մթնոլորտը: Իսկ երբ խոսքերով ստեղծում ենք սիրո և գոհունակության մթնոլորտ, մենք ճանապարհ ենք հարթում Սուրբ Հոգու համար:

Հովիվ Մաթս-Օլան հորդորեց՝ ամեն անգամ խոսելուց առաջ ինքներս մեզ հարցնել, թե այն, ինչ ասելու ենք համապատասխանո՞ւմ է ճշմարտությանը, և երկրորդը՝ նույնիսկ եթե դա ճիշտ է, արդյո՞ք արժե խոսել այդ մասին:

Պետք է միշտ հիշել և նկատի ունենալ մի պարզ, բայց ցավոտ հանգամանք. երբեմն մեր արտաբերած խոսքերի պատճառով մենք կարող ենք ամբողջ ուժով կոտրել դիմացինի սիրտը: Իսկ մեր խոսքերը, համաձայն Տիրոջ Խոսքի, չեն մոռացվում կամ անհետանում (տե՛ս Առակ.18.8):

Մեր արտաբերած վատ խոսքերով դիմացինի սրտում մահ ենք ցանում, այնինչ, մեր լեզուն ստեղծված է ցանկացած իրավիճակում կյանք և բժշկություն տարածելու համար: Ինչպես նշեց հովիվ Իսհոյելը, մենք ունենք զորավոր խոսքեր, բայց նաև ընտրության հնարավորություն, հետևաբար պետք է ամեն օր աղոթենք և խնդրենք Տիրոջը, որ մեր բերանը դարձնի կյանքի իսկական աղբյուր:

«Գոհացի՛ր Աստծուց այն ամենի համար, ինչ տվել է քեզ, գոհացի՛ր այն մարդկանց համար, ովքեր քո կողքին են: Դա կյանք կտարածի քո շուրջը»,- ասաց հովիվը՝ ավելացնելով, որ գոհունակության մեջ մեծ զորություն կա:

 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: