Շատերը կարծում են, թե Հիսուսի այս խոսքերը հասցեագրված են անհավատներին, սակայն Աստծո Խոսքն առաջին հերթին քրիստոնյաներին է վերաբերում:

Յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում ընդարձակ և նեղ ճանապարհներ կան: Հիսուս Քրիստոսն ասաց. “Նեղ դռնով ներս մտնեք, որովհետև լայն է դուռը և ընդարձակ ճանապարհը, որ կորուստն է տանում…” (Մատթ. 7.13):

Հին կտակարանում մի պատմություն կա Իսրայելի Դավիթ թագավորի մասին: Նա պատերազմող մարդ էր, բայց օրերից մի օր, տեսնելով, որ զորքն առանց իրեն կարող է կռվել, բոլորին ուղարկեց պատերազմի, իսկ ինքը մնաց տանը: Նա ընտրեց լայն ճանապարհը, որ տանում է դեպի կորուստ: Ամբողջությամբ կարդալով այս պատմությունը՝ մենք տեսնում ենք, որ նա մեղքի մեջ ընկավ՝ շնություն անելով իր հավատարիմ ծառաներից մեկի կնոջ հետ (Բ Թագ. 11. 1-4):

Հիսուսն ասաց. “Ջա՛նք արեք, որ նեղ դռնով ներս մտնեք, որովհետև ասում եմ ձեզ, թե շատերը կուզեն մտնել, բայց չեն կարողանա”:

“Ջանք անել” նշանակում է ձգտել, աշխատել: Շարունակելով այս միտքը` Հիսուսը մի առակ պատմեց. “Նրանից հետո, երբ տանտերը կելնի և դուռը կփակի, և կսկսեք դուրսը կանգնել և դուռը թակել ու ասել. “Տե’ր, Տե’ր, բաց մեզ”. և Նա պատասխանելով կասի ձեզ. “Չեմ ճանաչում ձեզ, թե որտեղից եք”: Այն ժամանակ կսկսեք ասել. “Մենք Քո առջև կերանք և խմեցինք, և Դու մեր հրապարակներում սովորեցրիր”: Եվ կասի. “Ասում եմ ձեզ, Ես չեմ ճանաչում ձեզ, թե որտեղից եք, հեռո’ւ մնացեք Ինձանից, բոլոր անիրավություն գործողներդ” (Ղուկ. 13.25-27):

Ուշադրություն դարձրեք, թե ովքեր են “դրսում մնացածները”: Գրված է, որ երբ Տերը կասի. “Չեմ ճանաչում ձեզ, թե որտեղից եք”, նրանք կպատասխանեն. “Մենք Քո առջև կերանք և խմեցինք, և Դու մեր հրապարակներում սովորեցրիր”: Հիսուսը խոսում էր այն քրիստոնյաների մասին, ովքեր չեն ցանկանում “նեղ դռնով ներս մտնել”, այլ բավարարվում են միայն կիրակի օրը եկեղեցի գնալով և Աստծո Խոսքը լսելով:

Սաղմոս 91-ում գրված է. “Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը Ամենակարողի շուքի տակ է հանգստանում”: Շատ քրիստոնյաներ ոչ թե բնակվում են Բարձրյալի ծածկոցի տակ, այլ ժամանակ առ ժամանակ “հյուր են գալիս”:

Սիրելինե՛ր, մեր հոգևոր կյանքում պետք է կարգ ու կանոն լինի: Աստված մեզ համար օրհնություններ է պատրաստել, և մենք պետք է ջանք անենք, որ դրանց հասնենք:

Հաճախ, առաջնորդվելով մարմնական ցանկություններով, մարդիկ անում են այն, ինչ իրենց հաճելի է, և ժամանակ չեն գտնում հոգևոր գործերի համար: Մի պարզ օրինակ բերեմ՝ այսօր հնարավորություն կա ֆիլմեր և հաղորդումներ դիտելու բազմաթիվ հեռուստաալիքներով և համացանցով, այդ պատճառով շատ քրիստոնյաներ արդեն աղոթքի ժամանակ չեն գտնում:

Եկեղեցին պետք է ընտրի “նեղ ճանապարհը”: Ինձ հաճախ են հրավիրում տարբեր միջոցառումների: Եթե բոլոր հրավերներն ընդունեմ, ակամայից կհայտնվեմ “լայն ճանապարհի” վրա: Ես դեմ չեմ հյուր գնալուն, հեռուստացույց նայելուն, պարզապես ամեն ինչի համար ժամանակ կա:

Շատ քրիստոնյաներ ցանկանում են ապրել Աստծո Խոսքով, բայց չեն կարողանում, որովհետև աշխարհի գայթակղությունները թույլ չեն տալիս: Ահա թե ինչու մենք պետք է ջանք անենք, որ նեղ դռնով ներս մտնենք:Ամե’ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: