Շուտով Հայաստանում կլինեն քրիստոնեական աշխարհում սիրված և ազդեցիկ քարոզիչներ և հանրաճանաչ հոգևոր գրքերի հեղինակներ Ջոն և Լիզա Բիվերները: Հունիսի 23-26-ը նրանք կքարոզեն մեր եկեղեցու Ամենամյա կոնֆերանսին, որի մուտքն ազատ է բոլորի համար: «Մեսինջեր Ինթերնեյշնլ» ծառայության տնօրեն Ռոբ Բիրքբեքի խոսքերով՝ Ջոնն ու Լիզան առանձնահատուկ են սպասում հայաստանյան ծառայություններին:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի հատված Ջոն Բիվերի հարցազրույցից, ինչպես նաև փոքրիկ ծաղկաքաղ Լիզա Բիվերի քարոզներից:

 Վերջերս Ձեր քարոզները բավականին կտրուկ են: Երբեմն դրանք պարզապես «կտրում» են: Չե՞ք վախենում մարդկանց վախեցնել: Չէ՞ որ մեր օրերում շատերը նախընտրում են «քաղցր» պատգամներ լսել:

– Բոլորովին չեմ վախենում: Մի առիթով Հիսուս ասել է. «Եվ այս քարի վրա ընկնողը կփշրվի, և ում վրա, որ նա ընկնի, կջարդի նրան» (Մատթ. 21.44): Ինչպես հայտնի է, Հիսուս Ինքն է գայթակղության քարը: Այլ խոսքով` երբեմն ճշմարտությունը կարող է ոմանց «նեղացնել»:

Սակայն թույլ տվեք հարցնել: Ենթադրենք՝ մեկն ուռուցք ունի, որն անհապաղ հեռացնել է պետք: Ի՞նչ եք կարծում, արժե բժիշկին հարցնել` «Չե՞ք վախենում վիրաբուժական միջամտություն անել: Չե՞ք վախենում նրան ցավեցնել»: Սակայն եթե մարդուն, ում արդեն վիրահատել են, հարցնեք, թե ինչ է մտածում վիրահատության մասին, ապա, վստահ եմ, որ կպատասխանի. «Այնքան ուրախ եմ, որ ինձ վիրահատեցին…»:

Շատերը հոգևոր առումով «ուռուցք» ունեն: Սակայն ի՞նչ է տեղի ունենում, երբ կանգնում են ճշմարտության առջև: Այն նման է երկսայրի սրի: Թափանցում է մինչև հոգու և շնչի բաժանարար գիծն ու կտրում-հեռացնում է այն ամենն, ինչ ցավ է պատճառում և… ազատություն է պարգևում:

Հիսուս ուղղախոս էր և իրերն իրենց անուններով էր կոչում: Իսկ Պողոսն ասում էր, որ հարկ է խիզախորեն խոսել, արիաբար: Կարծում եմ, որ երբեմն, այո, ճշմարտությունը կարող է ցավեցնել: Սակայն դա հօգուտ մարդու է:

Մեջբերումներ Լիզա Բիվերի քարոզներից

Աստծո սերը մեզ սովորեցնում է կասկածի տակ առնել տեսանելին և հավատալ անտեսանելիին, բայց  վախը ստիպում է անել հակառակը:

Մենք կարող ենք մնալ խաղաղության մեջ ու համոզված լինել մեզ համար Աստծո ծրագրերի այս երեք հատկանիշներում. դրանք բարի են, դրանք հաճելի են Նրան, դրանք կատարյալ են:

Այն, ինչ մենք որոշում ենք թաքցնել Աստծուց, կդառնա մեր անկման պատճառը:

Աստված ցանկանում է, որ մենք ոչ թե վարվենք քրիստոնյաների պես, այլ, որ լինենք քրիստոնյաներ, իսկ քրիստոնյա նշանակում է «օծված կամ Քրիստոսի նման»: Հիսուսը չէր շրջում՝ «բարի լինելով», Նա շրջում էր՝ «բարի անելով» և ազատելով նրանց, ովքեր ճնշված էին:

Աստված մշտապես կանչում է նրանց, ովքեր կարող են տեսնել կրոնի և մարմնի գործերի վարագույրից այն կողմ, նրանց, ովքեր մոտենում և երկրպագում են Նրան Հոգով և ճշմարտությամբ, Նա փափագում է նրանց, ովքեր ավելին են ուզում, քան պարզապես «լավը լինելը»: Աստված փափագում է տեսնել մարդկանց, ովքեր ամենից առավել այս կյանքում Իրեն են ուզում:

Ստորև ձեզ ենք ներկայացնում համաժողովի գրաֆիկը. 

grafik-am

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: