ՇԱՐԺԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆ 1995-1998թթ

Համագործակցելով Արաբկիրի վարչական շրջանի հետ` իրականացրել ենք  «Շարժական ճաշարան» ծրագիրը` շաբաթական 3 անգամ կերակրելով 400 մարդու: Ծրագրում ընդգրկված էին ուսանողներ, մտավորականներ, միայնակ ծերեր ու հաշմանդամներ, ովքեր սոցիալապես խիստ անապահով վիճակում էին:

«Շարժական ճաշարան»-ի առավելությունն այն էր, որ սննդամթերքը (միս, բանջարեղեն, մրգեր, քաղցրավենիք) բոլոր 400 հոգուն բաժանվում էր տուն առ տուն: Հասցեները ծառայությանն էր տրամադրել Արաբկիրի վարչական շրջանի սոցիալական բաժինը:

Screenshot_1

Դժվար օրեր էին՝ պատերազմ, շրջափակում: Լույս չկար, ջուր չկար, և ամենասարսափելին այն էր, որ հույս էլ չկար: Հազիվ հասցնում էի դասերս պատրաստել և, քանի դեռ սովը չէր խեղդել, պառկել սառը անկողնուս մեջ ու քնել: Այդպիսի մի ցուրտ ու մռայլ օր մեր տուն եկան մի խումբ երիտասարդներ: Ի զարմանս ինձ՝ նրանք շատ ուրախ էին և խաղաղ աչքեր ունեին: Ասացին, որ հավատացյալներ են:

Պարզվեց, որ թաղապետարանից տեղեկացել էին իմ սոցիալական պայմաններին և որոշել էին ինձ օգնել՝ ամեն շաբաթ մեր տուն բերելով այնքան սննդամթերք, որ ամբողջ շաբաթվա ընթացքում ապահովված լինեի տաք ճաշով և տարբեր մթերքներով: Մեկ տարի շարունակ նրանք ինձ այցելեցին, օգնեցին հաղթահարելու հիասթափությունը և լցվելու հույսով: Ես նրանց մեջ տեսա Աստծո սերը: Մինչ այդ Աստծո մասին նույնիսկ չէի լսել, բայց այսօր փառք եմ տալիս Նրան, որ նեղության մեջ ինձ օգնության հասավ և հայտնեց Իր գոյության մասին: Այժմ ես աշխատում եմ և պատրաստ եմ ինքս օգնելու նրանց, ովքեր կարիքի մեջ են:

Կարեն Դիլբարյան , 21 տարեկան

Ես ու քույրս սովորում էինք համալսարանում: Ծնողներս չէին աշխատում, որովհետև աշխատանք չկար, իսկ դրսում չէին կարող առևտուր անել: Սոված օրեր շատ ենք ունեցել: Մի օր, երբ դասից տուն եկանք, տեսանք տանը առատ ուտելիք կա: Զարմանքից և ուրախությունից սկսեցինք գոռալ:

Իմացանք, որ Աստծուն հավատացող երիտասարդներ էին եկել: Հետագայում նրանց հետ հաճախ էինք հանդիպում մեր տանը: Երկու տարի շարունակ՝ շաբաթը 3 անգամ, նրանք մեզ տաք ճաշ և զանազան մթերքներ էին բերում: Փառք ենք տալիս Աստծուն, որ այդ նեղ տարիներին մեզ օգնեց: Շնորհակալ ենք նաև այդ երիտասարդներից, որ թե՛ ձմռան ցրտին, թե՛ ամռան շոգին կամավոր ծառայում էին եկեղեցում և, տրանսպորտի բացակայության պատճառով հաճախ ոտքով շրջելով տնից տուն, սնունդ հասցնում մեզ նման շատ ու շատ մարդկանց:

Նարինե Հովակիմյան , 19 տարեկան

ԱՍՏՎԱԾԱՅԻՆ 3-ՐԴ ՃԱՆԱՊԱՐՀ ԱՆՏՈՒՆ-ԹԱՓԱՌԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

1998-2001թթ․ իրականացրել ենք «Աստվածային 3-րդ ճանապարհ անտուն-թափառականների համար» ծրագիրը: Մեր նպատակն էր տարբեր պատճառներով փողոցում հայտնված մարդկանց ցույց տալ, որ անմարդկային պայմաններում իրենց թափառական կյանքը շարունակելուց կամ ինքնասպանությամբ իրենց կյանքին վերջ դնելուց բացի իրենց համար կա ևս մի ճանապարհ՝ աստվածային 3-րդ ճանապարհը, որը վերականգնում է խոստանում:

Բազմամասնագիտական թիմի (հոգեբան, սոցծառայող, մանկավարժ, կամավորականներ) օգնությամբ իրականացված շուրջ 3 տարվա անընդմեջ աշխատանքից հետո հնարավոր եղավ 7-9 տարի փողոցում ապաստանած տասնյակ անտուն-թափառականների դուրս բերել սթրեսից և վերադարձնել մարդկային բնականոն կյանքի:

Ծառայության ջանքերով՝ նրանք աշխատանք գտան, իսկ նրանցից 9-ը Երևան քաղաքում բնակարաններով ապահովվեցին:

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻՆ

2001-2003 թթ. իրականացրել ենք «Օգնություն սահմանամերձ գյուղերին» ծրագիրը, որի արդյունքում սահմանամերձ գյուղերի (Զեդեա, Նյուվադի, Վարդան…) բնակիչներն ապահովվել են սննդամթերքով ու հագուստով: Ճանաչելով Աստծուն որպես տիեզերքի Տիրակալ և սիրող Հայր` նրանք աղոթել են և 10-12 տարվա երաշտը վերացել է, գյուղերը ծաղկել են, ճանապարհները վերանորոգվել են և պայմաններ ստեղծվել աշխատատեղեր բացելու համար:

Զ եդեան արծվի տեղ էր, ոչ թե մարդու: Այդ ժայռերի ու երկնքի միջև ապրող ժողովուրդն իր մեջ պահպանել էր գեղեցիկը ընկալելու հատկությունը: Նրանց դեմքին կայտառություն կար, ոչ թե տանջանք: Այդ մարդիկ թեև ջուր չունեին, բայց կոկիկ էին: Ապրում էին խղճուկ տներում, բայց չէին կորցրել իրենց հոգու վեհությունը: Նրանց մեջ կյանք կար: Աստված գիտի, թե ում` ինչպես օգնի: Ճիշտ է, Զեդեայի ժողովուրդն աղքատության մեջ էր, բայց ողորմության կարիք չուներ, այլ` օգնության, որպեսզի ոտքի կանգներ և օգներ ուրիշներին:

ԵՐԿՆՔԻ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ 1-ԻՆ ՓՈւԼ

2001-2010թթ. իրականացրել ենք «Երկնքի արքայությունը մանուկներին» ծրագիրը, որը կազմված է Կանխարգելում – Կողմնորոշում – Խնամատարություն փուլերից:

«Կանխարգելում» փուլում գթության ծառայության բազմամասնագիտական թիմի (հոգեբան, սոցծառայող, մանկավարժ, կամավորականներ) միջամտությամբ կանխարգելվում է երեխայի մուտքը մանկատուն:

«Կողմնորոշում» փուլում բազմամասնագիտական թիմի կողմից քննարկվելով երեխայի ընտանեկան պայմանների (ներընտանեկան հարաբերություններ, սոցիալական պայմաններ, երեխայի պաշտպանվածության ռիսկայնություն) հետազոտության արդյունքները՝ որոշվում է երեխայի հետագա բնակության վայրը` կենսաբանակա՞ն, թե՞ խնամատար ընտանիք:

«Խնամատարության» փուլում երեխան ժամանակավորապես ապրում է խնամատար ընտանիքում, որտեղ ապահովվում են նրա անվտանգությունը (եթե նա կենսաբանական ընտանիքում բռնության է ենթարկվել), սոցիալական պայմանները, կրթությունը: Միաժամանակ աշխատանք է տարվում երեխայի ծնողների հետ, որպեսզի ապագայում երեխան հնարավորություն ունենա վերադառնալու կենսաբանական ընտանիք:

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

Երեխայի ձայնը լսելի դարձնել

Խնամատարության ծրագիրը սահմանադրական ճանապարհով ընդունել Հայաստանի Հանրապետություն, որի շնորհիվ յուրաքանչյուր լքված երեխա հնարավորություն կունենա ապրելու ընտանեկան ջերմ մթնոլորտում:

Կանխարգելել երեխայի մուտքը մանկատուն

2005թ. ՀՀ Սահմանադրության մեջ ներառվեց դրույթ խնամակալության և խնամատարության մասին::

Բազմամասնագիտական թիմն աշխատանքն իրականացնում է երեք ուղղությամբ.

Աշխատանք կենսաբանական ծնողների հետ

 

Աշխատանք երեխաների հետ

Աշխատանք խնամատար ծնողների հետ

2001-2010 թթ․ «ԵԱՄ» ծրագիրն օգնության ձեռք է մեկնել շուրջ 1000 բռնության ենթարկված, մուրացկանությամբ զբաղվող, սոցիալապես խիստ անապահով երեխաների: Կանխարգելել է նրանց մուտքը մանկատուն և գիշերօթիկ հաստատություններ: Նրանց համար հնարավորություն է ստեղծել ապրելու կենսաբանական կամ խնամատար ընտանիքի ջերմ մթնոլորտում: