Կայացավ «7.24.12» երիտասարդական կոնֆերանսը

Փետրվարի 19-ից 20-ը կայացավ «Որտեղ երկինքն ու երկիրը հանդիպում են» խորագրով երիտասարդական կոնֆերանսը: Շուրջ 2000 երիտասարդ եկել էր Աստծո տուն՝ 24 ժամ փառաբանելու, երկրպագելու, աղոթելու և Աստծո խոսքով զորանալու համար:

«7.24.12» կոնֆերանսը սկսվեց փետրվարի 19-ի առավոտյան 09.00-ին հզոր աղոթքի և փառաբանության մթնոլորտում: Փառաբանությունից հետո առաջին քարոզով կիսվեց հովիվ Ռոբերտ Մաշբախը: Նա կոչ արեց ընտրել Տիրոջ կամքը, փափագել Նրա պատրաստած կյանքին. «Աստված քեզ համար ունի հիասքանչ ապագա, եթե միայն  որոշում կայացնես կատարել ոչ թե քո, այլ Իր կամքը: Որոշումներիցդ են կախված քո և սերունդներիդ ապագան: Քո քայլերն են որոշում հավիտենությունդ»:

Երիտասարդներն սեմինարներ ունեցան վախի, կախվածությունների, Սուրբ Հոգու պարգևների և այլ թեմաների վերաբերյալ: Յուրաքանչյուր սեմինարից հետո եկեղեցու ծառայողական թիմը աղոթում էր երիտասարդների կարիքների համար:

Օրվա երկրորդ մասում Նատալյա Դոցենկոն անցկացրեց հրաշալի ծառայություն փառաբանության զորության մասին: Կյանքի ամեն իրավիճակի համար պետք է ունենանք մեր գոհության երգը, քանի որ այն կյանքեր է փոխում: Այնուհետև ներկաները հաղորդություն ընդունեցին:

Երիտասարդների համար պատրաստված էր նաև մարգարեության սենյակ, որտեղ հովիվ Ռոբերտ Մաշբախն անհատապես աղոթեց յուրաքանչյուր երիտասարդի համար:

Օրվա վերջին քարոզն անցկացրեց հովիվ Վասիլի Դոցենկոն: Նա կոչ արեց մեր հայացքն ուղղել, կենտրոնացնել միայն Հիսուսի ուղղությամբ, քանի որ միայն Նա է կարող օգնել և փրկել մեզ:

Այնուհետև երիտասարդներն ունեցան գիշերային զորավոր աղոթք և լուսաբացին կոնֆերանսն ավարտեցին աղոթքով և երկրպագությամբ:

Կոնֆերանսի ընթացքում հարյուրավոր երիտասարդներ որոշում կայացրին ընտրել Աստծո կամքը, խոսք ստացան ապագայի համար, զորացան հավատքով: 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: