Դեկտեմբերի 3-ին Երևանի «Կյանքի Խոսք» եկեղեցում կայացավ Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված ցերեկույթ: Միջոցառման կազմակերպիչները եկեղեցու Գթության ծառայության «Աջակցություն սահմանափակ կարողություն ունեցող մարդկանց» ծրագրի ծառայողներն էին:

Միջոցառման մեկնարկը տրվեց ընկերության և միմյանց օգնելու մասին պատմությամբ, ինչից հետո ծրագրի  խնամքի տակ գտնվող հաշմանդամություն ունեցող 16 անդամներն  իրենց հարազատների և ծառայողների հետ փառաբանում և երկրպագում էին Աստծուն:

Ցերեկույթին ներկայացվել էին հաշմանդամների նկարչական աշխատանքները: Նկարներից յուրաքանչյուրը առանձնահատուկ գեղեցիկ էր, արտահայտված էր վառ ու գեղեցիկ գույներով և պատկերում էր նրանց ներաշխարհը՝  լի  լուսավոր ապագայի հույսով:

Միջոցառման  անակնկալներից էր նաև զվարճալի  ծաղրածուն, ով հետաքրքրաշարժ կատարումների շարք ցուցադրեց: Հնչեցին Հ. Թումանյանի բանաստեղծություններից, ինչից հետո ծրագրի ծառայողները հաշմանդամներին նվերներ հանձնեցին, որոնք պատրաստվել էին ըստ անհրաժեշտության և նախասիրությունների: Վերջում Գթություն ծառայության խոհարարների թիմը պատրաստել էր գեղեցիկ և համեղ հյուրասիրություն:

Ծառայողները ջանք չէին խնայել օրն իսկական տոնի վերածելու համար: Ծաղրածուն՝ ծիծաղաշարժ համարներով, խոհարարների հարուստ հյուրասիրությունը նաև տիրող ջերմ ու ընկերական մթնոլորտը ունեին հստակ նպատակ՝ հաշմանդամների օրը լցնել խինդով և ուրախությամբ, օգնել նրանց դուրս գալ մեկուսացումից:

«Դեկտեմբերի 3-ին պետականորեն նշվում է Հաշմանդամների միջազգային օրը, բայց Աստծո մոտ տարբերակումներ չկան: Նրա աչքին չկան սահմանափակ կարողություններ ունեցող և չունեցող մարդիկ: Նրա առջև բոլորը հավասար են, որովհետև Տեր Հիսուսն արյուն է թափել բոլորիս համար:  Ես կուզեմ, որ մեր խնամքի տակ գտնվող սահմանափակ կարողություն ունեցող մարդիկ ունենան հայտնություն, որ իրենց համար յուրաքանչյուր օրն է տոն»,- ասաց «Գնացե՛ք, տեսե՛ք…» գթություն ծառայության պատասխանատու Գայանե Հակոբյանը:

«Աջակցություն սահմանափակ կարողություն ունեցող մարդկանց» ծրագրի պատասխանատու Ջուլիետա Մակարյանի խոսքով՝ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդիկ և՛ ինտեգրվեն հասարակությանը, և՛ ավելի մոտենան Աստծուն: Կազմակերպում են նկարչական խմբակներ, նախաձեռնում են այցելություն թանգարաններ, այլ տեսարժան վայրեր:

«Մեր ցանկությունն իրենց օրը տոն դարձնելն է, որովհետև իրենք շատ բաներից են զրկված: Արդեն մեծ են և հազվադեպ են տնից դուրս գալիս, քանի որ ֆիզիկապես տկար են: Իրենց միակ ուրախությունը այս ծառայությունն է: Եվ փա՛ռք Աստծուն, մենք ունենք ծառայողներ, վարորդներ, ովքեր աջակցում են»,-ասաց Ջուլիետա Մակարյանը:

Առաջիկայում Գթություն ծառայությունը նախատեսում է նաև սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար կազմակերպել համակարգչային դասընթացներ, որի արդյունքում նրանք կունենան աշխատանք և գումար կվաստակեն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: