Աստված հավիտյան հիշում է Իր ուխտը: Ի՞նչ ուխտի մասին է խոսքը: Նա պարտավորվել է օրհնել Իրենից վախեցողներին:

Իսրայելի ժողովուրդը քառասուն տարի անապատում էր, և նրանց կերակուրը չպակասեց: Քննելով Աստծո Խոսքը՝ մենք տեսնում ենք, որ Աստված գերբնականորեն մատակարարում էր Իր ժողովրդին, երբ նրանք  աստվածավախությամբ էին լցված: 

Հավատացած եմ, որ մեր կերակուրը նույնպես կօրհնվի, եթե աստվածավախություն ունենանք: Ես նկատի ունեմ ոչ միայն մեր հանապազօրյա հացը, այլև մեր երկրի օրհնությունները: Որքան մեր երկրում Տիրոջ երկյուղով լցված մարդիկ շատ լինեն, այնքան մեր բերքն ու բարիքն օրհնված կլինի, որովհետև Տերն օրհնում է Իրենից վախեցողներին: Սա հոգևոր օրենք է:

Աստված կօրհնի նաև մեր հոգևոր կերակուրը: Եթե ֆիզիկական կերակուրը սնում և պահպանում է մեր մարմինը, ապա հոգևոր կերակուրը պահպանում է մեր ներսի խաղաղությունը և հոգու փրկությունը: 

Այսօր մարդիկ ավելի շատ մտահոգվում են մարմնավոր կերակուրի մասին, այն դեպքում, երբ նրանց ներսի աշխարհը քանդվում ու կործանվում է. նրանք կորցնում են հավիտենական կյանքը: 

Սիրելինե՛ր, մենք պետք է հոգանք ոչ միայն մեր մարմնի, այլև շնչի և հոգու մասին: Աստված մեզ համար պատրաստել է ինչպես մարմնավոր, այնպես էլ շնչավոր և հոգևոր կերակուր, որպեսզի մենք կայանանք որպես անհատներ, ունենանք խաղաղություն և հավիտենական կյանք: 

Երբ մարդիկ եկեղեցի են գնում, քարոզ լսում, բայց ոչ մի հայտնություն չեն ստանում, նրանց հոգին չի կերակրվում: Ես բազմիցս ականատես եմ եղել նման դեպքերի, երբ մեկը եկեղեցուց տուն է գնում Աստծո խոսքով և հայտնություններով լցված, իսկ մյուսը՝ ոչ: Միգուցե պատճառն այն է, որ նրանք չունեն Տիրոջ երկյուղը:  

Մենք պետք է հասկանանք, որ խնդիրը մեր մեջ է, ոչ թե եկեղեցու կամ քարոզչի: Եթե աստվածավախություն ունենանք, հայտնություններով լցված կլինենք, որովհետև Տերը կերակուր է տալիս Իրենից վախեցողներին:

Տիրոջ երկյուղն ունեցեք: Աստված օրհնի ձեզ: Ամե՛ն:

 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: