DAILY DEVOTION-am-1200-600

Հին Ուխտում Տիրոջ սեղանի կրակը միշտ պիտի վառված լիներ: Սա, իրականում, մեծ խորհուրդ ունի Նոր Կտակարանի եկեղեցու համար: Սուրբ Հոգու կրակը երբեք չպետք է հանգչի եկեղեցում, հավատացյալների մեջ:

Ցավոք, կան եկեղեցիներ, որ հետզհետե սահմանափակվում են կիրակնօրյա ծառայություններով. մարդիկ կիրակի օրը գնում են ծառայության, իսկ շաբաթվա մյուս օրերին նրանց մեջ կրակը հանգչում է:

Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ ուղղակի անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր քրիստոնյայի սրտում Տիրոջ համար սեղան պատրաստվի: Իսկ ի՞նչ է Տիրոջ սեղանը: Դա մեր փառաբանությունն է, աղոթքը, ծառայությունը: Եկեղեցին չծառայելու իրավունք չունի: Մենք պետք է քարոզենք Աստծո Խոսքը, աղոթենք, երկրպագենք: Տիրոջ զոհասեղանի կրակը  երբեք չպիտի հանգչի:

Առաքյալների կյանքը մեզ համար օրինակ է. նրանք ոչ միայն վառ էին պահում Սուրբ Հոգու կրակը, այլև փոխանցում ուրիշներին: Եվ որպես արդյունք՝ մեծամեծ  հրաշքներ էին լինում նրանց ձեռքով, եկեղեցին աճում և զորանում էր:

Եթե ցանկանում ենք, որ Տիրոջ զորությունը լինի մեր եկեղեցում, Սուրբ Հոգու կրակը  միշտ պետք է վառ պահենք և փոխանցենք ուրիշներին: Տեսե՞լ եք, թե ինչպես է օլիմպիական խաղերի ժամանակ մարզիկների հերթափոխությամբ օլիմպիական կրակը բերվում մարզահրապարակ. մինչև կրակը չբերվի, խաղերը չեն սկսվի: Այդպես էլ մենք պետք է փոխանցենք և առաջ տանենք Տիրոջ կրակը: 

Սիրելինե՛ր, եկեք ջանք անենք, որ կրակը սեղանի վրա միշտ վառված լինի: Ես կոչ եմ անում նաև երիտասարդներին. Սուրբ Հոգու կրակը երբեք մի’ հանգցրեք ձեր ներսում: Աստծո Խոսքն ասում է. «…որովհետև ավելի մեծ է Նա, որ ձեզանում է, քան թե նա, որ աշխարհի մեջ է»:


 
Տերը օրհնի ձեզ: Ամե՛ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: