Այստեղ խոսվում է այն մարդկանց մասին, ովքեր կանգնած են դժոխքի ճանապարհին: Ովքե՞ր են նրանք, ի՞նչ մեղքեր կան նրանց կյանքում, որոնց պատճառով դժոխքի են արժանանալու: Գրված է, որ նրանք չեն ճանաչում Աստծուն և չեն հնազանդվում Տեր Հիսուսի Ավետարանին:

Շատերը կարծում են, թե բարոյական կյանք վարելը բավական է երկինքը ժառանգելու համար: Հետաքրքիր է, որ մարդիկ իրենք են որոշում, թե ինչպես ապրեն, որ մահից հետո երկինք գնան: Սակայն Քրիստոսն ասաց. “Ես եմ ճանապարհը…”: Մենք փրկվում ենք ոչ թե մեր բարոյական վարքով կամ բարի գործերով, այլ Աստծուն ճանաչելով և Ավետարանին հնազանդվելով:

Բոլորն էլ ցանկանում են դրախտ գնալ, բայց չեն ցանկանում հնազանդվել Ավետարանին: Շատ քրիստոնյաներ ընդհանրապես չեն կարդացել Ավետարանը և չգիտեն, թե ինչ է պահանջվում իրենցից: Նույնիսկ մեղքի մեջ թաղված մարդիկ, լսելով դժոխքի և դրախտի գոյության մասին, սկսում են արդարանալ և ասել. “Ես ինչ եմ արել, որ դժոխք գնամ”:

Ոմանք էլ վստահ են, թե ճանաչում են Աստծուն, որովհետև եկեղեցի են գնացել, իրենց կյանքը նվիրել Տիրոջը: Սակայն հարց է առաջանում՝ որտե՞ղ են նրանք այսօր, արդյո՞ք հնազանդվում են Ավետարանին:

Հնազանդվել Ավետարանին՝ նշանակում է ապրել սուրբ կյանքով և կատարել Աստծո Խոսքը:

Սիրելինե’ր, կյանքը շատ կարճ է և շտապում է իր ավարտին: Աշխարհում եղել են մարդիկ, ովքեր իրենց համար շքեղ պալատներ են կառուցել՝ կարծելով թե իրենք անմահ են: Սակայն անցել են տարիներ, և այդ պալատները վերածվել են թանգարանների, որտեղ ոչ ոք չի ապրում:

Մենք ստեղծված ենք ոչ թե ժամանակավոր, այլ հավիտենական կյանքի համար: Աստված խոստացել է, որ մենք հավիտյան կապրենք դրախտում, բայց նրանք, ովքեր չեն հավատում Աստծուն և չեն հնազանդվում Ավետարանին, կզրկվեն այդ խոստումից:

Այսօր ես ձեզ կոչ եմ անում, որ հավատաք Աստծուն, կարդաք Ավետարանը և հնազանդվեք Աստծո պատվիրաններին, որպեսզի փրկվեք դժոխքի բոցերից և հավիտենական պատժից:

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: