DAILY DEVOTION-am-1200-600

Մարմնի խորհուրդը մահ է: Եկեք լուրջ վերաբերվենք Աստծո խոսքին: Ադամը լուրջ չէր ընդունում «մահ» հասկացությունը. նա չէր պատկերացնում, թե ինչ տեղի կունենար արգելված պտուղն ուտելուց հետո: Եվ, ինչպես տեսնում ենք, նրա մարմնավոր մտածելակերպի արդյունքում մահն աշխարհ եկավ:

Սիրելի՛ս, մարմնավոր մտածելակերպը քեզ մահվան կտանի: Միգուցե մտածես. «Բոլորն էլ մեռնելու են»: Այո՛, բայց կա նաև հոգևոր մահ. դու կարող ես զրկվել հավիտենական կյանքից և Աստծո արքայությունից: Ժամանակն է, որ այս կարճ կյանքում մտածես նաև հոգուդ փրկության մասին:

Մենք պետք է նորոգենք մեր մտածելակերպը, հոգու աչքերով նայենք մեր շուրջը, չապստամբենք, չքննադատենք և չքննարկենք ուրիշների արարքները: Ոմանք նշան են բռնում ինչ-որ մեկի վրա և անընդհատ քննադատում:

Մի՛ բամբասիր ոչ մեկին: Երբ խոսում ես, սկսի՛ր քեզնից և վերջացրո՛ւ քեզնով: Խոնա՛րհ եղիր: Եզնիկ Կողբացին ասում էր, որ եթե նույնիսկ հրեշտակների ձայնը լսես, մեծ գործեր անես, բայց խոնարհություն չունենաս, ամեն բան սուտ է:

Քննենք՝ օրվա մեջ որքան ենք կարդում Աստծո Խոսքը, խորհում հոգևոր բաների շուրջ և որքան ենք մտածում, խոսում մարմնավոր բաների մասին: Գրված է՝ մարմնի խորհուրդն Աստծո դեմ թշնամություն է, որովհետև Աստծո օրենքին չի հնազանդվում և չի էլ կարող:

Հոգու խորհուրդը` կյանք է ու խաղաղություն: Եկեք մեր մտածելակերպը հնազանդեցնենք Աստծո օրենքին: Թող Աստծո Խոսքը լինի մեր կյանքի հիմքը: Մտածենք Հիսուսի նման: Ամե՛ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: