DAILY DEVOTION-am-1200-600

Մարմնին կյանք է հարկավոր: Աստծո Խոսքն ասում է, որ մարմնի կյանքն է   հանդարտ սիրտը: Հավատացած եմ, որ բոլորն էլ սիրում են կյանքը և չեն ուզում շուտ հեռանալ կյանքից: Ոմանք ասում են, թե հավատացյալները կյանքը չեն սիրում: Ես համամիտ չեմ նրանց հետ: Մենք այնքան ենք սիրում կյանքը, որ ուզում ենք հավիտյան ապրել:

Երկար կյանք ունենալու համար պետք է ունենալ ոչ թե  ալեկոծված, անհանգիստ, այլ հանդարտ սիրտ: Երբ Հիսուս Քրիստոսը եկավ Իր աշակերտների մոտ, նրանց ասաց. «Խաղաղություն ձեզ…» Նա Իր խաղաղությունը թողեց նրանց: Հավատացած եմ, որ յուրաքանչյուր քրիստոնյա նույնպես առաքելություն ունի` խաղաղություն բերելու իր շուրջը:

Սիրելինե’ր, մենք չպետք է բորբոքվենք, այլապես ոչ մենք, ոչ մեր կողքինները չենք կարող սրտի հանդարտություն գտնել: Պատվե’ք ձեր ծնողներին, հանդարտ սիրտ ունեցե’ք, և ձեր կյանքի օրերը երկար կլինեն: Սա աստվածաշնչյան ճշմարտություն է:

Գրված է նաև, որ նախանձը փտություն է ոսկորներին: Եթե բարի լուրը պարարտացնում է ոսկորները, ապա նախանձը փտություն է առաջացնում: Ուստի, ոչ մեկին մի’ նախանձեք: Մի’ նայեք ուրիշի կյանքին: Մի’ մտածեք, թե ինչու ուրիշներն ունեն, իսկ դուք՝ ոչ: Դուք չգիտեք, թե ուրիշներն ինչ խնդիրներ ունեն: Մի’ ապրեք ֆիլմերով և հեռուստահաղորդումներով, այլ ապրե’ք ձեր կյանքով, լուծե’ք ձեր խնդիրները և առաջ շարժվե’ք:

Կարդալով Աստծո Խոսքը՝ դուք կլցվեք Աստծո հավատքով և խաղաղությամբ, նախանձին տեղ չեք տա: Այդ ժամանակ ձեր ոսկորները պարարտ կլինեն, դուք առողջ կլինեք, երկար ու պտղաբեր կյանք կունենաք: Ամե’ն:

 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: