DAILY DEVOTION-am-1200-600

Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է գիտակցի աղոթքի կարևորությունը: Մենք պետք է ձգտենք հոգևոր հասունության: Հասուն քրիստոնյան չի սպասում, որ իրեն անընդհատ ասեն` աղոթի՛ր, աղոթի՛ր: Նա գիտի, թե երբ պետք է աղոթել և ինչպես:

Կար ժամանակ, երբ Հիսուսն Իր աշակերտներին սովորեցնում էր, թե ինչպես պետք է աղոթել (Մատթ. 6.5-15): Սակայն մեկ այլ դեպքում Նա արդեն պահանջում էր. «…մեկ ժա՞մ էլ չկարողացաք Ինձ հետ արթուն մնալ»: Հավանաբար, Նա  հիասթափված էր` տեսնելով, որ Իր աշակերտները քնած էին այն ժամին, երբ պետք է արթուն լինեին և աղոթեին:

Իհարկե, մեկ ժամ աղոթելը դժվար է, եթե չգիտես, թե ինչի համար  և  ինչպես պետք է աղոթել: Սակայն եթե փորձենք աղոթել այնպես, ինչպես Հիսուսը սովորեցրեց, մեկ ժամն աննկատ կանցնի: Նա մեզ տվեց «Հայր մեր» աղոթքը, որի յուրաքանչյուր տողն առանձին աղոթքի թեմա է:

Մի’ դադարեք աղոթելուց: Գրված է. «…թակե’ք, և կբացվի»:

Աղոթքը ոչ միայն խնդրվածք է, այլև հոգևոր պայքար: Մենք ներխուժում ենք  սատանայի “ճամբար” և մարդկանց ազատագրում գերությունից, վերադարձնում այն ամենը, ինչ սատանան գողացել է մեզնից:

Մի անգամ եկեղեցում ինձ մոտեցավ մի կին` արցունքներն աչքերին, և սկսեց պատմել իր կյանքի պատմությունը: Ես մտածում էի, թե ինչ խորհուրդ տամ նրան, բայց հասկացա, որ միայն Աստված կարող էր նրան օգնել: Ասացի. “Քույրի’կ, եթե վիշտդ Աստծուն պատմես այնպես, ինչպես ինձ ես պատմում, Նա քեզ կօգնի”: Ցավոք սրտի, այդ կինը չէր հավատում, որ Աստված իրեն լսում է:

Սիրելինե՛ր, Աստված մեզ լսում է: Հավատքով աղոթե’ք, և ձեր կյանքը կփոխվի:

Մենք ունենք Աստծո սպառազինությունը: Այնպես որ, գոտեպնդվե’ք ճշմարտությունով, հագե’ք արդարության զրահը, փրկության սաղավարտը, խաղաղության Ավետարանը քարոզելու պատրաստակամությունը, վերցրե’ք Հոգու սուրը, որ Աստծո Խոսքն է, և հավատքի վահանը, որ մարում է չարի կրակոտ նետերը: Արթո’ւն եղեք և  ամեն ժամանակ Հոգով աղոթե’ք: Ամե՛ն: 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: