Началась школа подготовки лидеров

Հոկտեմբերի 1-ին մեկնարկեց «Կյանքի Խոսք» եկեղեցու Ավագների մարզման ութամսյա դպրոցը:

Դպրոցում կսովորի ավելի քան 100 մարդ, ով ցանկանում է ծառայել Տիրոջը և ավարտել կամ զուգահեռաբար սովորում է Աստվածաշնչյան դպրոցում: Ուսանողների թվում կան նաև ավագներ, ովքեր դպրոց են եկել իրենց հոգևոր գիտելիքները թարմացնելու մտադրությամբ:

Ուսանողներին ողջունեց և քաջալերեց դպրոցի դեկան Արթուր Տոնոյանը. «Կարելի է ասել՝ ձեզ համար սկսվել է մի նոր, «զինվորական» կյանք։ Ինչպես զինվորները՝ ֆիզիկապես,  այնպես էլ դուք հոգեպես մարզվելու եք, որպեսզի լինեք Նրա «զինվորները» և ծառայեք Տիրոջը»։

Շեշտելով դպրոցի հիմնական առաքելությունը` տնային խմբակների ավագներ կրթելը, նա  հավաստիացրեց, որ ութ ամիսների ընթացքում ուսանողները կստանան տեսական գիտելիքներ, որոնք կամրապնդվեն պրակտիկ կիրառմամբ։ Իսկ փորձառու ուսուցիչներն էլ ոչինչ չեն խնայի իրենց փորձը նրանց փոխանցելու հարցում:

Դպրոցի առաջին օրը հիշարժան էր նրանով, որ ուսուցիչները ուսանողներին օծեցին յուղով։ Աշակերտական օծությունը կօգնի, որպեսզի ուսանողները լավագույնս ընկալեն  Տիրոջ խոսքը. «Թեև ֆիզիկապես մենք ենք ձեզ օծում յուղով, բայց օծության զորությունը Աստված է տալիս»,- շեշտեց դեկանը։

Ուսանողները ծանոթացան դպրոցի կարգ ու կանոնին, նաև այն թեմաներին, որոնք ուսումնասիրվելու են ուսումնական տարվա ընթացքում։

Մեր թղթակցի հետ դպրոցի մասին իրենց կարծիքով կիսվեցին երիտասարդական ծառայության պատասխանատուներ և Ավագների դպրոցի ուսուցիչներ Համլետ Արսենյանն ու Գասպար Վարդանյանը։

«Շատ կարևոր է՝ մինչ ավագ դառնալը սովորել Ավագների դպրոցում, քանի որ այստեղ դասավանդվում են թեմաներ, որոնք ձևավորում են Քրիստոսի իսկական ծառայողին։ Ապագա ավագները սովորում են՝ ինչպես աշխատել մարդկանց հետ, ինչպես շփվել և հոգ տանել մարդկանց մասին, այսինքն՝ ինչպես հավաքել այն «հունձքը», որի մասին խոսում էր Հիսուսը»,- ասաց Համլետ Արսենյանը։

Իսկ Գասպար Վարդանյանը նշեց, որ Ավագների դպրոցը քրիստոնյաների աղոթքների պատասխանն է. «Տեր Հիսուսը պատվիրեց աղոթել, որպեսզի Հայրը «հունձքի» համար «մշակներ» բարձրացնի (տե՛ս Ղուկ. 10.2)։ Այս խոսքով առաջնորդվելով էլ եկեղեցու մարդիկ միշտ աղոթում են, որ Աստված նոր ծառայողներ բարձրացնի։ Ավագների դպրոցում սովորող մարդիկ էլ մեր աղոթքների պատասխանն են»։

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: