Arthur Simonyan

Հունիսի 24-ին Երևանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցում մեկնարկեց  «Կյանքի Խոսք»  եկեղեցու ամենամյա համաժողովը: «Քայլենք հավատքով» խորագիրը կրող համաժողովի պաշտոնական բացման պատգամախոսը եկեղեցու ավագ հովիվ Արթուր Սիմոնյանն էր:

«Եկե՛ք հավատանք, որ այս համաժողովից հետո մեր ներսը փոխվելու է:  Եկե՛ք հավատանք, որ գնալու ենք փառքից փառք»,- իր խոսքում ասաց հովիվ Արթուրը, ով, համաժողովը կապելով վերջերս Սիրիայում նահատակված հովիվ Էդուարդ Պետրոսյանի՝ ծառայող-Մարդու հետ, նշեց, որ ծառայության մեջ մեծ երջանկություն է թաքնված:

Ի՞նչ կամ ո՞ւմ ենք մենք լսում: Արդյո՞ք մենք հավատքով ենք ապրում: Հենց այս հարցերի պատասխաններին իր պատգամում անդրադարձավ հովիվ Արթուրը: Այսօր Տեր Հիսուսը, նայելով յուրաքանչյուրիս , տեսնում է հզոր մշակների, առանց ում մենք չենք կարող ունենալ հզոր եկեղեցի:

Ըստ հովիվ Արթուր Սիմոնյանի պատգամի՝  այսօր քրիստոնյա աշխարհի շատ ներկայացուցիչներ Տիրոջ Խոսքը ընթերցելու փոխարեն այլ և այլ քարոզներ են լսում,  հետևում փիլիսոփաների մտքերի, որոնց մեջ իրականում ոչ մի օգտակար բան չկա: Սակայն , մեր հավատքի աղբյուրը եղել է և միշտ էլ կլինի Աստծո Խոսքը, Որից մենք բոլորս պետք է սնվենք: Համաձայն Հռոմեացիս թղթի  10-րդ գլխի՝ հավատքը գալիս է լսելուց, իսկ լսելը Աստծո Խոսքից:

«Երբեք չփոխե՛ս քո հավատքի աղբյուրը»,- կոչ արեց հովիվ Արթուր Սիմոնյանը: Նա հորդորեց հետևել Տիրոջ ձայնին: « Երբ լսում ես հավատքի ձայնը, մի՛ պարտվիր ատելության ձայնից: Ատելությունը սպանում է հավատքի ձայնը: Անարգանքն ատելությունից է, սակայն  սերը զորություն ունի և  հաղթում է: Մեզանից պահանջվում է ներել և սիրել մարդկանց:
Էտումից հետո գալիս է ծաղկունք ու փթթում: Աստված քեզ հետ է: Դու գուցե դժվար ընթացք ես անցնում, վերջում հաղթանակն է: Վստահի՛ր Աստծուն. դու ծաղկելու ես »:

Վերջում հովիվ Արթուրն աղոթեց բոլոր ներկաների համար, որպեսզի Տերը բարձրացնի նրանց հավատքը և բժշկի իրենց սրտերը՝ ատելությունը փոխելով սիրո:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: