Մեկնարկեց Մանկական ավագների դպրոցը

Հոկտեմբերի 19-ին «Կյանքի Խոսք» եկեղեցու գրասենյակում կայացավ Մանկական ավագների եռամսյա դպրոցի բացման արարողությունը:

Պաշտոնական մթնոլորտը կոտրելու համար կազմակերպիչներն ինքնատիպ ծրագիր էին մշակել. ուսանողները կրում էին գունազարդ գլխարկներ, փուչիկներ էին փչում, որոնք պետք է պայթեցնեին, որտեղից պիտի գտնեին բառեր և կազմեին աստվածաշնչյան խոսքեր:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց մանկական ծառայության պատասխանատու Գայանե Դավիթյանը, նման ծրագրերն օգնում են, որ ուսանողները, այսպես ասած,  կրկին  մանկանան և ազատվեն որոշակի բարդույթներից:

Դպրոցում ուսանողները կսովորեն, թե ինչ կարևորություն, տարիքային ինչպիսի առանձնահատկություններ ունեն երեխաները, կծանոթանան այնպիսի թեմաների, ինչպիսիք են՝ կարգապահության պրոբլեմներ, վատ վարքի շարժառիթներ, մանկական ավագի էթիկա, կկատարելագործեն նաև իրենց դաստիարակչական ունակությունները:

Գայանե Դավիթյանի խոսքով՝ դպրոցում մեծ ուշադրություն են դարձնում ծառայողների ընտրության հարցին, քանի որ երեխաների հետ տարվող աշխատանքը յուրահատուկ է.

«Ամեն շաբաթ ուսանողները քննություն են հանձնում, միավորներ հավաքում, որոնք հաշվի են առնվում վերջում՝ երբ տրվում է մանկական ծառայողի որակավորում: Անցկացվում են նաև պրակտիկ դասընթացներ ոչ միայն դպրոցում, այլև խմբակներում: Կան մարդիկ, ովքեր միգուցե անցնեն ամբողջ դասընթացը, բայց որակավորում չստանան տարբեր պատճառներով»:

Դպրոցը գործում է 2006 թվականից: Ինը տարիների ընթացքում այն ունեցել է ավելի քան 600 շրջանավարտ, որոնցից մանկական ծառայողի որակավորում է ստացել շուրջ 300-ը:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: