Մենք երբեք դեմ չենք եղել և այժմ էլ դեմ չենք Հայ առաքելական եկեղեցու կարգավիճակին։ Հարցազրույցի ժամանակ այս մասին ասաց «Կյանքի Խոսք» եկեղեցու մամուլի խոսնակ Արմեն Լուսյանը։

Տեղեկացնենք, որ հունիսի 16-ին  Եվրասիա համագործակցության հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Մտքի, խղճի, կրոնի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին նվիրված հասարակական քննարկում, որին մասնակցում էին պետական մարմինների, իրավապաշտպան կազմակերպությունների, եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև կրոնի հարցերով փորձագետներ։ Ի թիվս այլ բանախոսների՝ զեկուցումով հանդես եկավ նաև «Կյանքի Խոսք» եկեղեցու մամուլի խոսնակը։

Արմեն, ինչպիսի՞ գնահատականի արժանացավ նոր օրինագիծը, և որոնք էին հիմնական մտահոգիչ հարցադրումները։

Նախ ասեմ, որ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» գործող օրենքը վաղուց հնացել է և իսկապես կարիք ունի վերափոխման։ Եվ սկսած 2006 թվականից մի շարք փորձեր են կատարվել փոփոխելու կրոնի ոլորտին առնչվող օրենսդրությունը։

Ավետարանական ընտանիքի եկեղեցիների համագործակցությունը մշտապես ակտիվ մասնակցություն է ցուցաբերել այդ օրենսդրական նախաձեռնությունների քննարկումներին։ Յուրաքանչյուր անգամ մենք մշակել և ներկայացրել ենք դիտողությունների և առաջարկությունների մեր փաթեթը։

Գլխավոր խնդիրը, որ մատնացույց ենք արել նախորդ օրինագծերի առնչությամբ, եղել է հետևյալը, որ դրանց հիմքում պետք է ընկած լինի ոչ թե արգելքի, սահմանափակման և վերահսկողության խստացման, այլ կարգավորման հայեցակարգը։

Ինչ վերաբերում է ներկայիս նախագծին, ապա քննարկման ժամանակ «Կյանքի Խոսք» և «Միաբանություն» եկեղեցիների անունից ես հնչեցրեցի գնահատական, որ նախորդների համեմատ այն մի քայլ առաջ է։ Ես նշեցի, որ կա էական բարելավում  անհարկի արգելքների և սահմանափակումների կրճատման, կրոնի ազատության արտահայտման երաշխիքների ուժեղացման, կրոնական կազմակերպությունների գրանցման ընթացակարգերի պարզեցման առումով։

Մյուս կողմից արձանագրեցի, որ օրինագծում առկա են խնդրահարույց դրույթներ, որոնք վերանայման կարիք ունեն։

Պետք է նշեմ, որ քննարկման ժամանակ մի շարք հասարակական կազմակերպությունների և փորձագետների գլխավոր մտավախությունն այն էր, որ կարծես թե այս օրինագիծն ուժի մեջ մտնելու պարագայում տարածվելու է բոլոր կրոնական միավորումների վրա, բացառությամբ Հայ առաքելական եկեղեցու։

Այս առումով նրանք խիստ քննադատական կարծիք հայտնեցին՝ ասելով, որ եթե իրականում այդպես է, ապա դա ինքնին խտրականություն է։ Անգամ նշվեց, որ եթե Արդարադատության նախարարությունը չփարատի իրենց մտահոգությունները և չհաստատի, որ այս օրինագիծը վերաբերում է նաև Հայ առաքելական եկեղեցուն, ապա իրենք ընդհանրապես իմաստ չեն տեսնում մնացած հարցերը քննարկելու և առաջարկություններ ներկայացնելու մեջ։

Իսկ ինչպիսի՞ն է ձեր տեսակետը այս հարցի շուրջ։

Իրականում մենք միշտ ըստ պատշաճի ենք գնահատել Հայ առաքելական եկեղեցու վիթխարի դերն ու ավանդը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, արժևորել ենք մեր պատմական եկեղեցու 1700-ամյա ճանապարհը, ուստի երբեք դեմ չենք եղել և այժմ էլ դեմ չենք Հայ առաքելական եկեղեցու կարգավիճակին։ Մեր կողմից ընկալելի է, որ պետությունը կարող է առանձնահատուկ վերաբերմունք ունենալ ազգային եկեղեցու նկատմամբ և նրա հետ հարաբերությունները կարգավորել առանձին օրենքով, որը և գործում է 2007 թվականից։

Միևնույն ժամանակ իմ զեկուցման ընթացքում ես հարց հնչեցրի՝ եթե այս նոր օրենքը չտարածվի Հայ Առաքելական եկեղեցու և նրա հետևորդների վրա, արդյոք դա չի՞ հանգեցնի առօրյա կյանքում կրոնական հողի վրա խտրականության աճի կամ արդյոք ՀՀ քաղաքացիները՝ անկախ իրենց եկեղեցական պատկանելությունից, հավասար կլինե՞ն օրենքի առջև։ Այս և այլ կետերի վերաբերյալ մեր առաջարկությունները մենք պատրաստվում ենք մոտ օրերս ներկայացնել Արդարադատության նախարարությանը։ Մենք լիահույս ենք, որ հետագա կառուցողական քննարկումների ընթացքում օրինագծի հեղինակները կիրականացնեն անհրաժեշտ փոփոխություններ և արդյունքում կունենանք ավելի բարելավված ու ժամանակակից պահանջներին համապատասխանող օրենք։

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: