Այս շաբաթ մեր եկեղեցին իր հարկի տակ էր ընդունել քարոզիչ, հովիվ և Աստվածաշնչյան ուսուցիչ Ջեֆ Ռութլանդին: Հովիվն այս օրերին  դասավանդում էր նաև եկեղեցու Աստվածաշնչյան դպրոցում, իսկ նոյեմբերի 8-ին և 9-ին անցկացրեց եկեղեցական ծառայությունները:

«Կոչումդ կգտնես, երբ կյանքդ ամբողջովին կհանձնես Հիսուսին»,- ասաց հովիվը և քարոզեց կոչման ու պարգևատրման մասին: Տերը կանչել է մեզ այս աշխարհում ինչ-որ գործ իրականացնելու համար և վերջում պատրաստվում է պարգևատրել մեզ՝ համաձայն մեր հետևողական և արդյունավետ ծառայության:

Լցվա՞ծ ենք արդյոք մենք Սուրբ Հոգով, կարդո՞ւմ ենք Խոսքը, աղոթո՞ւմ ենք, առաջնորդվո՞ւմ ենք Աստծով: Հովվի խոսքով՝ հենց այս հարցերի պատասխաններն են որոշում՝ որքանով ենք մենք արդյունավետ  ծառայության մեջ և քայլո՞ւմ ենք արդյոք մեր կոչման մեջ, թե՞ ոչ:

Հովիվ Ջեֆն առանձնացրեց կոչման երեք կետ: Համաձայն առաջինի՝ յուրաքանչյուր մարդ կանչված է Քրիստոսի սերը ճանաչելու: Մեր մեծագույն կոչումը Աստծուն ճանաչելն է և Տեր ու Փրկիչ ընդունելը:

Կոչման երկրորդ կետը Քրիստոսին նմանվելն է, երբ Սուրբ Հոգու հետ շփման, այսինքն՝ աղոթքի և Աստվածաշնչի ընթերցանության շնորհիվ փոխվում են  մեր հասկացողությունը, մտքերը, սիրտն ու բնավորությունը:

Հովիվ Ջեֆի ներկայացրած երրորդ կետը վերաբերում էր եկեղեցու ներսում մարդկանց միջև եղած փոխհարաբերություններին, որոնք ևս պետք է լինի Հոգու զորությամբ:

«Եթե ցանկանում եք ծառայության մեջ աճել, ապա պետք է շարունակեք հավատարմորեն ծառայել: Ծառայե՛ք  այնպես, ինչպես դա կանեիք Հիսուսի համար: Եվ այդ ժամանակ Տերը ձեր մեկ տաղանդը կբազմապատկի՝ դարձնելով երկուսը, չորսը և ավելին»,- ասաց քարոզիչը:

Վերջում հովիվ Ռութլանդն առաջնորդեց ապաշխարության աղոթքը:

Մարդիկ պատմեցին այն հրաշքների մասին, որոնք Տերն իրականացրել է իրենց կյանքերում.

– Ինձ մոտ աղիքային ուռուցք էր հայտնաբերված: Բայց  Կարլ Գուստավի ծառայության ժամանակ Տերն ինձ բժշկեց: Փա՛ռք Աստծուն: Հիմա ես ինձ շատ լավ եմ զգում,- ասում է Էլեոնորան:

Իսկ Սոֆյա անունով մի կնոջ խոսքով՝  անցած ծառայություններից մեկի ժամանակ Տերն իրեն բժշկել է մաշկային հիվանդությունից:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: