Հովի՛վ Արթուր, մի քանի բառով ինչպե՞ս կբնութագրեիք անցած կոնֆերանսը:

Ես կբնութագրեմ մի բառով՝ կայացած, քանի որ հոգևոր համաժողովը կայացած է համարվում այն ժամանակ, երբ Տիրոջ ներկայությունն է լինում:

Մենք տեսնում ենք անգամ առաքյալների կյանքում, որ երբ Հիսուսի համբարձվելուց հետո Տիրոջ ներկայությունը նրանց հետ չէր, աշակերտները տագնապած և անորոշ էին, բայց երբ Քրիստոսն այցելեց և ասաց. «Խաղաղություն ձեզ», ողջ հոգևոր մթնոլորտը փոխվեց: Երբ չկա Տիրոջ ներկայությունը, մարդիկ կորցնում են տեսիլքը, սկսում են վիճել և դիրք փնտրել, բայց Աստծո ներկայության մեջ ամեն ինչ իր տեղն է գրավում:

Այս կոնֆերանսի ընթացքում Տիրոջ ներկայությունն այնքան շատ էր, որ իրականում մխիթարություն, հավատ և խաղաղություն էր գալիս բոլորի վրա։

Մասնակիցները՝ թե՛ հյուրերը, թե՛ եկեղեցու անդամները, միակարծիք ասում էին, որ իրենք չեն հիշում՝ վերջին անգամ երբ էին մասնակցել նման համաժողովի: Բոլորն էլ նշում էին, որ մթնոլորտը յուրահատուկ էր, քարոզները՝ լի հայտնություններով, իսկ փառաբանության մարգարեական հոգին տիրում էր կոնֆերանսի բոլոր օրերին: Ձեր կարծիքով՝ այս համաժողովը եկեղեցու կյանքում ի՞նչ շեշտադրումներ բերեց:

Իհարկե, ես չեմ կարող նշել միայն քարոզիչների բարձր որակը, այլ նույնպես Աստծո հզոր ներկայությունը և եկեղեցու որակը։ Այս նույն քարոզիչները կարող են մասնակցել այլ համաժողովների, բայց նույն ներկայությունը չլինի։ Մթնոլորտի համար մենք պետք է շնորհակալություն ասենք եկեղեցուն, եկեղեցու անդամներին, հյուրերին, և այն մեծ աշխատանքին, որ արվել է մեզ մոտ։

Երկու տարի մենք քայլում էինք դեպի այս ամենը: Անցանք շատ դժվարությունների միջով և միայն մեկ բանով էինք մխիթարվում՝ մեծ դուռ է բացված, հարձակումները շատ են: Տարիներ շարունակ ճնշումների ու հակառակությունների էինք հանդիպում, բայց հիմա տեսնում ենք, որ Տերը սեղան է պատրաստում մեր առջև:

Իհարկե, կային մարդիկ, ովքեր չէին ցանկանում, որ մենք հասնենք այս կետին, սակայն, ինչպես Պողոս առաքյալն է ասում. «բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքս կատարեցի, հավատքս պահեցի», այդպես էլ մենք, չնայելով ոչնչի, տեսիլքը պահեցինք ու շարժվեցինք առաջ, և այժմ ունենք այն, ինչ ունենք։ Եվ կարծում եմ՝ այլևս ետդարձի ճանապարհ չկա, միշտ սրանից բարձր է լինելու: Մեկ ուրիշ խոսքով ասած՝ Աստված նշաձողը բարձրացրեց։

Հովի՛վ Արթուր, կոնֆերանսին մասնակցում էին մոտ 400 հյուրեր տարբեր երկրներից, ազգերից ու լեզուներից՝ լինի Մերձավոր Արևելքից, Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Եվրոպայից, թե Միացյալ Նահանգներից: Մենք կարո՞ղ ենք ասել, որ այս կոնֆերանսին այդ բազմազգ ներկայությունն առնչություն ունի եկեղեցու տեսիլքի հետ, որ Տիրոջ տունն աղոթքի տուն պետք է կոչվի ազգերի համար։

Միանշանակ դա կապ ունի մեր տեսիլքի հետ, որ տարբեր ազգերից պետք է գան այստեղ Տիրոջը պաշտելու համար: Եվ բացի այն, որ համաժողովին ներկա էին շատ ազգերի ներկայացուցիչներ, մի մեծ հրաշք էլ կատարվեց. մենք տեսանք, թե ինչպես իսրայելացին ու արաբը, ուկրաինացին և ռուսը միմյանց հետ նույն վայրում կանգնած փառաբանում էին Աստծուն:

Հայաստանում մեզ հաջողվում է ազգերի ձեռքերը բարձրացնել դեպի Աստծուն։ Գիտե՞ք՝ շատ մարդիկ են գալիս Հայաստան, մեկը՝ հայկական կոնյակ ըմպելու, մյուսը՝ համեղ կերակուր ճաշակելու, երրորդը՝ պարզապես մեր երկրով զբոսնելու համար, բայց ես ուրախ եմ, որ Հայաստանում մեր եկեղեցին կարող է կարևոր միսիա կատարել՝ ազգերի ձեռքերը բարձրացնել դեպի Տերը։ Հավատում եմ՝ սա մեր կոչումն է՝ ոչ միայն եկեղեցական, այլև ազգային։

Հովի՛վ Արթուր, ճանաչելով ձեզ՝ որպես մի առաջնորդ, ով ցանկացած նշանակալի իրադարձության հենց հաջորդ օրը նայում է առաջ՝ մոռանալով հետինը, այժմ էլ գիտեմ, որ կոնֆերանսը ձեզ համար արդեն ավարտված է, և դուք նայում եք առջևում եղող բաներին: Կարո՞ղ եք փոքրինչ ներկայացնել այն, ինչ այսօր դրված է մեր առջև՝ որպես եկեղեցի, ո՞ւր ենք մենք ձգտում՝ լիցքավորված ու զորացած լինելով կոնֆերանսի օրերով։

Այո՛, ես միշտ գերադասում եմ նայել առաջ ու, անկեղծ ասած, բացի առանձին դրվագներից, չեմ հիշում՝ ինչ է երեկ կատարվել, քանի որ համոզված եմ՝ կարևորն առջևում է։

Մենք ունենք տեսիլք՝ Ավետարանը քարոզել ամբողջ աշխարհում: Այս տեսիլքի ճանապարհին լինում են կանգառներ, որտեղ մենք լիցքավորվում և զորանում ենք:

Ենթադրենք, օրինակ՝ դու ավտոմեքենայով գնում ես Վրաստան և ճանապարհին՝ Սևանի մոտով անցնելիս, կանգ ես առնում մի տեղ՝ սնվելու կամ սուրճ խմելու։ Եվ մի կարճ ժամանակ անց կրկին նստում ես մեքենան և սլանում առաջ՝ մոռանալով սուրճի մասին, քանի որ քո նպատակը Վրաստանն է, այլ ոչ թե այդտեղ մնալը։

Այդ իսկ պատճառով ես նայում եմ առաջ. արդեն ծրագրում եմ հաջորդ տարվա կոնֆերանսը, կիրակի օրվա ծառայությունը և առջևում մեզ սպավող բոլոր գործերը:

Այս կոնֆերանսն ինձ համար Տիրոջ հետ որակյալ շփում էր և հնարավորություն՝ Աստծո լույսի ներքո տեսնելու այն մեծ աշխատանքը, որ դրված է մեր առջև: Ի վերջո՝ մենք ցանկանում ենք ամեն բան անել, որ յուրաքանչյուր մարդ փրկվի, գա ճշմարտության գիտությանը և նմանվի Քրիստոսին:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: