Քրիստոսը հրաշալի առակ է ասում. “Մի՞թե կարող է կույրը կույրին առաջնորդել, չէ՞ որ երկուսն էլ փոսը կընկնեն”:

Առաջնորդը չպետք է կույր լինի. նա պետք է տեսնի, թե ուր է տանում մարդկանց: Խոսքը ոչ թե ֆիզիկական, այլ հոգևոր կուրության մասին է: Եթե ինչ-որ մեկին առաջնորդում ենք, պետք է ունենանք հոգևոր տեսողություն, որպեսզի նրան ճիշտ տեղ հասցնենք:

Կույրը օգնության կարիք ունի. նրա կողքին պետք է լինի ինչ-որ մեկը, ով աչքեր կդառնա նրա համար, կբռնի նրա ձեռքից և կուղեկցի նրան: Մի անգամ ես նույնիսկ տեսա, թե ինչպես էր շունն ուղեկցում իր կույր տիրոջը:

Սիրելինե՛ր, այս կյանքում յուրաքանչյուր մարդ առաջնորդում է ինչ-որ մեկին` կնոջը կամ ամուսնուն, երեխային կամ բարեկամին, հարևանին կամ ընկերոջը և այլն: Երբևէ մտածե՞լ եք, թե ուր եք տանում մարդկանց, ինչ խորհուրդներ եք տալիս նրանց:

Գիտեք, շատ կարևոր է քննել մեր կյանքը: Մենք պետք է կանգ առնենք և ինքներս մեզ հարցնենք` ո՞ւր ենք տանում մարդկանց` դեպի կորո՞ւստ, թե՞ կյանք: Արդյո՞ք մեր հոգևոր աչքերով տեսնում ենք այն ճանապարհը, որով առաջնորդում ենք ուրիշներին, համոզվա՞ծ ենք, որ այնտեղ նրանք հաջողություն կգտնեն, թե՞ մտածում ենք՝ ինչ լինելու է` թող լինի:

Ահա թե ինչ եմ ցանկանում ասել` ինչ-որ մեկին առաջնորդելը կամ խորհուրդ տալը մեծ պատասխանատվություն է, ուստի շատ կարևոր է, որ մենք լինենք աղոթքի և Խոսքի մեջ, որպեսզի մեր հոգու աչքերը բացվեն, և սուր տեսողություն ունենանք:

Հավատացե՛ք՝ Աստված մեզ հոգևոր տեսողություն կտա, պարզապես պետք է լցվենք Աստծո Հոգով և զորությամբ:

Մի՛ եղիր կույր առաջնորդ: Եթե զգում ես, որ հոգուդ աչքերը կույր են, մի՛ առաջնորդիր ուրիշներին, որովհետև երկուսդ էլ փոսը կընկնեք: Ամե՛ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: