DAILY DEVOTION-am-1200-600

Այսօրվա խոսքը կրկին աղոթքի մասին է: Հիսուսը մի առակ պատմեց անիրավ դատավորի մասին, ով Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում: Սա ամենավատ բնութագիրն է մարդու համար: 

Կան մարդիկ, ովքեր թեև Աստծուն չեն հավատում, բայց մարդկանցից ամաչում են և ձգտում են այնպես ապրել, որ ուրիշներն իրենց մասին վատ կարծիք չկազմեն: 

Ոմանք էլ, ընդհակառակը, մարդկանցից չեն ամաչում, բայց Աստծուց վախենում են: Այդ պատճառով ձգտում են արդար ապրել: Սակայն կան մարդիկ, ովքեր ո՛չ Աստծուց են վախենում, ո՛չ էլ մարդկանցից պատկառում. նրանք անում են այն ամենը, ինչ կամենում են: Ահա այսպիսին էր այն դատավորը, ում մասին խոսում էր Հիսուսը:

 

Սակայն անիրավ դատավորը, վերջ ի վերջո, պաշտպանեց խեղճ որբևայրու իրավունքը, ով անդադար գալիս էր իր մոտ և թախանձում, որ իրեն ազատի իր ոսոխից: Նա մտքում ասում էր. «Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում, սակայն որովհետև այս որբևայրին հոգնեցնում է ինձ, իրավունք անեմ նրան, որ վերջապես չգա ինձ ձանձրացնի» (Ղուկ. 18.4,5):

Շարունակելով կարդալ առակը՝ մենք հասնում ենք Հիսուսի հետևյալ խոսքերին. «Լսեցե՛ք, թե անիրավ դատավորն ինչ է ասում: Բայց Աստված մի՞թե Իր ընտրյալների համար իրավունք չի անի, որ ցերեկ և գիշեր աղաղակում են դեպի Նա…» (Ղուկ. 18.6,7):

Այստեղ հետաքրքիր համեմատություն կա. եթե չար և անարդար դատավորը կարողացավ բարություն անել, մի՞թե բարի և ողորմած Աստված չի պաշտպանի Իր զավակների իրավունքը, ովքեր գիշեր ու ցերեկ աղաղակում են Իրեն:

Սիրելինե՛ր, խնդրե՛ք և կտրվի ձեզ, փնտրե՛ք և կգտնեք, դուռը թակե՛ք և կբացվի ձեզ. անդադար աղոթքի մեջ եղե՛ք, և Աստված կկատարի ձեր սրտի ցանկությունները:

Աստված օրհնի ձեզ: Ամե՛ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: