Гаяне Акопян: “Не убегай от своей реальности”

«Եթե Հիսուս Քիստոսը խաչի վրա առավ մեր բոլոր ցավերը, հիվանդություններն ու վերքերը, ապա ինչո՞ւ ենք մենք այսօր աղքատ, հիվանդ ու դժբախտ»: Այս հարցադրումով ավագ հովվի օգնական Գայանե Հակոբյանը հունվարի 23-ի և 24-ի եկեղեցական ծառայություններին սկսեց քարոզը:

Եսայի մարգարեն գրում է. «Բայց Նա մեր մեղքերի համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածներ կրեց, մեր խաղաղության պատիժը Նրա վրա եղավ, և Նրա վերքերով մենք բժշկվեցինք» (53.5):

Քրիստոսի թափած արյան շնորհիվ ներվեցին մեր մեղքերը, և մենք հաշտվեցինք Աստծո հետ, դուրս եկանք սատանայի ճանկերից, փրկվեցինք և ժառանգեցինք հավիտենականությունը.

«Խաչելության նպատակը մեզ անեծքի մեջ թողնելը չէր, սակայն ողբերգությունն այն է, որ մենք այսօր չունենք այն, ինչ պետք է ունենանք խաչի զորությամբ»,- ասաց Գայանե Հակոբյանը:

Հաճախ մեր կարիքները չեն պատասխանվում անհնազանդության պատճառով: Եթե այսօր կարիքի մեջ ենք, ապա հարկ է քննել՝ արդյո՞ք վարվում ենք Տիրոջ կամքի համեմատ և զգուշությամբ կատարում Աստծո Խոսքը, թե՞ ոչ:

Եթե ունենանք Հիսուս Քրիստոսի խաչի զորության հայտնությունը, չենք տառապի հիվանդություններից, ֆինանսների պակասությունից, կարիքներից. անեծքը մեր կյանքում չի գործի:

Գայանե Հակոբյանը կոչ արեց չփախչել դառը իրականությունից, այլ  զգաստանալ, զգուշությամբ կատարել Տիրոջ Խոսքը և Քրիստոսի արյան իշխանությունը հռչակել մեր կյանքերում:

«Եվ նրանք հաղթեցին նրան՝ Գառի արյունով և իրենց վկայության խոսքով, և չսիրեցին իրենց հոգին մինչև մահ» (Հայտն. 12.11):

Ծառայության վերջում ներկաները կիսվում էին իրենց ստացած հայտնություններով.

«Հույսը, ճանապարհը, կյանքը Տերն է: Հիսուսն է մեր առաջնորդը, Ում պետք է ապավինենք ամեն ինչում: Ես ինձ այսօր զորացած եմ զգում և ստացել եմ հայտնություն, որն է՝ վստահել միայն Աստծուն: Եթե երբևէ երկմտել եմ, ապա դրա համար ապաշխարում եմ»,- ասաց Արևիկ Բարսեղյանը:

Իսկ Քրիստինա Գրիգորյանն ասաց, որ քարոզն իր համար հայտնության հաստատում էր. «Երբ քրիստոնյան Աստծո հետ մշտապես հարաբերություններ է ունենում, Տերը նրան ամեն բան ցույց է տալիս: Հավատացյալի կյանքը կարծես վարժանք լինի. Տիրոջ հետ անընդհատ շփվելով՝ ավելի ռեալ ես Նրան ճանաչում»:

Եկեղեցական ծառայության տեսագրությունը կարող եք դիտել այստեղ.

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: