DAILY DEVOTION-am-1200-600

Վախի զգացումը բնորոշ է բոլոր մարդկանց: Ոմանք վախենում են պատերազմներից, արհավիրքներից, մյուսները՝ ծերությունից, հիվանդությունից, մթությունից կամ միայնակությունից: Սակայն Աստված ասում է. «Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ…»:

Մենք պետք է հավատանք Աստծուն, ոչ թե իրավիճակներին:

Եթե գնում եք բժշկի և  հայտնաբերում, որ լուրջ հիվանդություն ունեք, տեղ մի’ տվեք անհանգստությանն ու վախին, որովհետև վախը խանգարում է բժշկությանը: Աստվածաշունչն ասում է, որ Հիսուս Քրիստոսը մահացավ, և  Նրա վերքերով մենք բժշկվեցինք: Վստահե’ք Աստծո Խոսքին և կհամոզվեք, որ Աստված չի ստում:

Գրված է. «Բայց ասում եմ ձեզ` իմ բարեկամներին. մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինը սպանում են, և նրանից հետո ավելի բան չունեն, որ անեն: Բայց ցույց տամ ձեզ, թե ումից պետք է վախենաք. Նրանից վախեցե’ք, որ սպանելուց հետո իշխանություն ունի գեհենի մեջ գցելու. այո’, ասում եմ ձեզ, Նրանից վախեցե’ք» (Ղուկ. 12.4,5):

Մահը վերջը չէ: Մահից հետո կյանք կա: Այդ պատճառով Աստծո Խոսքը մեզ հորդորում է՝ չվախենալ մահից, այլ վախենալ Աստծուց:

Մի՛ վախեցեք պատերազմներից և արհավիրքներից, որոնք մարմինն են սպանում: Վախեցե’ք արյունոտ ֆիլմերի, ունայն հեռուստասերիալների և էրոտիկ ամսագրերի ապականիչ ազդեցությունից, որովհետև դրանք  սատանայի գարշելի գործերն են գովազդում:

Մի՛ վախեցեք ահաբեկիչներից, որոնք շենքեր են պայթեցնում և խռովություններ հրահրում, այլ սարսափե’ք այն երևույթից, որ ձեր երեխաները գաղտնի թմրադեղեր են օգտագործում, հարբում, շնություն անում:

Վախեցե’ք ոչ թե հիվանդություններից, այլ սուրճի գավաթ նայելուց և կախարդներին դիմելուց, որովհետև նրանք ձեզ դժոխքի ճանապարհին են կանգնեցնում:

Հեռո՛ւ մնացեք հորոսկոպներից. դուք մարդ եք, մի՛ համեմատվեք կենդանակերպերի հետ:

Վախեցե՛ք բամբասանքից, որ մեղք է: Վախեցե՛ք ատելությունից, որ սպանում է ձեր հոգին: Ներողամի’տ եղեք և լցվե’ք սիրով: Հրաժարվե’ք այս բոլոր չարագործություններից հանուն Հիսուս Քրիստոսի:

Նրանք, ովքեր ինքնասպանության են դիմում, կարծում են, թե մահը վերջ կդնի իրենց տանջանքներին: Սակայն այդպես չէ: Մարմինը հոգու պատյանն է: Եթե մարդն իր կյանքի օրոք չապաշխարի իր գործած մեղքերից, մահից հետո կհայտնվի դժոխքում՝ հավիտենական տանջանքի վայրում:

Ուստի, ուղղե’ք ձեր ճանապարհները, նորոգե’ք ձեր «ներսի մարդուն»: Այդ ժամանակ ինչ էլ լինի, չեք վախենա և չեք վհատվի, այլ ուրախ և հաստատուն կլինեք:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: