Վախի զգացումը բնորոշ է բոլոր մարդկանց: Ոմանք վախենում են պատերազմներից, արհավիրքներից, մյուսները՝ ծերությունից, հիվանդությունից, մթությունից կամ միայնակությունից: Սակայն Աստված ասում է. “Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ…”:

Մենք պետք է հավատանք Աստծուն, ոչ թե իրավիճակներին:

Եթե գնում եք բժշկի և հայտնաբերում, որ լուրջ հիվանդություն ունեք, տեղ մի՛ տվեք անհանգստությանն ու վախին, որովհետև վախը խանգարում է բժշկությանը: Աստվածաշունչն ասում է, որ Հիսուս Քրիստոսը մահացավ, և Նրա վերքերով մենք բժշկվեցինք: Վստահե՛ք Աստծո Խոսքին և կհամոզվեք, որ Աստված չի ստում:

Գրված է. “Բայց ասում եմ ձեզ` իմ բարեկամներին. մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինը սպանում են, և նրանից հետո ավելի բան չունեն, որ անեն: Բայց ցույց տամ ձեզ, թե ումից պետք է վախենաք. Նրանից վախեցե՛ք, որ սպանելուց հետո իշխանություն ունի գեհենի մեջ գցելու. այո՛, ասում եմ ձեզ, Նրանից վախեցե՛ք” (Ղուկ. 12.4,5):

Մահը վերջը չէ: Մահից հետո կյանք կա: Այդ պատճառով Աստծո Խոսքը մեզ հորդորում է՝ չվախենալ մահից, այլ վախենալ Աստծուց:

Մի՛ վախեցեք պատերազմներից և արհավիրքներից, որոնք մարմինն են սպանում: Վախեցե՛ք արյունոտ ֆիլմերի, ունայն հեռուստասերիալների և էրոտիկ ամսագրերի ապականիչ ազդեցությունից, որովհետև դրանք սատանայի գարշելի գործերն են գովազդում:

Մի՛ վախեցեք ահաբեկիչներից, որոնք շենքեր են պայթեցնում և խռովություններ հրահրում, այլ սարսափե՛ք այն երևույթից, որ ձեր երեխաները գաղտնի թմրադեղեր են օգտագործում, հարբում, շնություն անում:

Վախեցե՛ք ոչ թե հիվանդություններից, այլ սուրճի գավաթ նայելուց և կախարդներին դիմելուց, որովհետև նրանք ձեզ դժոխքի ճանապարհին են կանգնեցնում:

Հեռո՛ւ մնացեք հորոսկոպներից. դուք մարդ եք, մի՛ համեմատվեք կենդանակերպերի հետ:

Վախեցե՛ք բամբասանքից, որ մեղք է: Վախեցե՛ք ատելությունից, որ սպանում է ձեր հոգին: Ներողամի՛տ եղեք և լցվե՛ք սիրով: Հրաժարվե՛ք այս բոլոր չարագործություններից հանուն Հիսուս Քրիստոսի:


Նրանք, ովքեր ինքնասպանության են դիմում, կարծում են, թե մահը վերջ կդնի իրենց տանջանքներին: Սակայն այդպես չէ: Մարմինը հոգու պատյանն է: Եթե մարդն իր կյանքի օրոք չապաշխարի իր գործած մեղքերից, մահից հետո կհայտնվի դժոխքում՝ հավիտենական տանջանքի վայրում:

Ուստի, ուղղե՛ք ձեր ճանապարհները, նորոգե՛ք ձեր “ներսի մարդուն”: Այդ ժամանակ ինչ էլ լինի, չեք վախենա և չեք վհատվի, այլ ուրախ և հաստատուն կլինեք:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: