Աստծո Խոսքը մեզ կոչ է անում, որ աշխատասեր լինենք, որովհետև Աստված օրհնում է աշխատասեր մարդուն: Գրված է. “Մի քիչ քուն, մի քիչ ննջել, մի քիչ էլ ձեռք ձեռքի դնել պառկել: Այն ժամանակ քո աղքատությունը ճանապարհորդի պես կգա…”:

Ծուլությունը մեզ աղքատության կտանի: Եթե զգում ես, որ ծուլացել ես, սթափվի’ր և սկսի’ր աշխատել, որովհետև աշխատանքն այն ճանապարհներից մեկն է, որոնց միջոցով Աստծո օրհնությունները հասնում են մեզ: Պայքարի’ր ծուլության ոգու դեմ, որը, մտնելով մարդու մեջ, թույլ չի տալիս, որ նա աշխատի:

Աշխատասիրությունն Աստծո հատկանիշներից է: Սուրբ գրքում գրված է, որ Աստված վեց օր աշխատեց, իսկ յոթերորդ օրը հանգստացավ: Ոմանք հակառակն են անում. վեց օր հանգստանում են, իսկ յոթերորդ օրը՝ աշխատում: Եթե ուզում ենք նմանվել մեր Տիրոջը, պետք է աշխատասեր դառնանք:

Ով չի ցանկանում աշխատել, նա իրավունք չունի ասելու. “Տե՛ր, ինչո՞ւ ինձ չես օրհնում”, որովհետև Աստծո Խոսքն ասում է. “…եթե մեկը չի կամենում գործել, թող չուտի էլ” (Բ Թեսաղ. 3.10):

Սիրելինե՛ր, եղեք աշխատասեր: Ինչ որ անում եք, ջանասիրությա՛մբ արեք: Խոսքս վերաբերում է նաև եկեղեցում ծառայելուն: Ձգտե՛ք նմանվել Քրիստոսին: Կարդալով Ավետարանը՝ դուք կտեսնեք, թե ինչ եռանդով էր Նա գործում Իր երկրային կյանքի օրոք:

Աստված օրհնի ձեզ: Ամե՛ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: