Եսայի մարգարեն այս խոսքերը մարգարեացավ Հիսուս Քրիստոսի մասին: Տարիներ անց Հիսուս Քրիստոսն Իր երկրային ծառայությունն սկսեց հենց այս խոսքերով. “Տիրոջ Հոգին Ինձ վրա է. Նա ինձ ուղարկել է աղքատներին ավետարանելու…” (Ղուկ. 4.18):

“Ավետիք” նշանակում է բարի լուր: Աստծո կամքը չէ, որ մարդիկ աղքատ լինեն, առավել ևս աղքատ մտածելակերպ ունենան: Աստված կամենում է, որ մարդը ոչ միայն փրկվի դժոխքից, այլև ազատագրվի աղքատության ոգու իշխանությունից:

Պատմության ողջ ընթացքում եղել են մարդիկ, ովքեր սովորեցրել են, թե հավատացյալը պետք է աղքատ լինի: Նմանօրինակ ուսմունքներն աղքատ մտածելակերպ են ձևավորում:

Մենք պետք է հասկանանք, որ ավետիքը` բարի լուրը, իսկապես բարի լուր է: Աստվածաշնչում գրված չէ, որ Հիսուսը կգա և աղքատներին կասի` աղքա՛տ եղեք: Նա եկավ՝ աղքատներին բարի լուր տալու: Աղքատի համար բարի լուրն այն է, որ նա կհարստանա:

Աստված միայն աղքատ Ղազարոսի Աստվածը չէ: Նա ասում է. “Ես եմ Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը” (Ելից 3.6): Ե՛վ Աբրահամը, և՛ Իսահակը, և՛ Հակոբը հարուստ էին:

Գրված է. “…ձեզ համար աղքատացավ Նա, որ հարուստ էր, որ դուք Նրա աղքատությունով հարստանաք” (Բ Կորնթ. 8.9): Ահա և Տիրոջ կամքը մեզ համար. Քրիստոսը, որ հարուստ էր, աղքատացավ, որպեսզի մենք Նրա աղքատությունով հարստանանք:

Սիրելինե՛ր, Աստվածաշունչը աղքատություն չի քարոզում: Աստված օրհնություն է խոստանում Իր զավակներին: Եկեք հավատանք Աստծո Խոսքին, փոխենք մեր մտածելակերպը և թույլ տանք, որ հավատքը մեզ տանի փառքից` փառք: Ամե°ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: