Ամուսնուս և երեք երեխաներիս հետ երջանիկ ապրում էի և չէի կարող պատկերացնել, որ օրերից մի օր իմ երջանկությունը կավարտվի:

Գումարի պատճառով ամուuնուս սպանեցին: Նա երիտասարդ էր` 33 տարեկան: Երբ նրա մարմինը բերեցին տուն, հարազատներս սկսեցին բղավել և կատարվածի համար մեղադրել Աստծուն: Ես Աստծուն չէի ճանաչում, բայց սաստեցի նրանց, որ Աստծո անունը չտան: Թաղման ժամանակ ասում էի. «Աստված ջան, ես չեմ կարող դիմանալ»: Ու հանկարծ իմ ներսում մի ձայն լսեցի, որ ասաց. «Հանգիստ հրաժեշտ տուր, կարգն այդպես է»: Ես հանգիստ հրաժեշտ տվեցի, անգամ, ինքս ինձ վրա զարմացա: Հետագայում հասկացա, որ Աստված ինձ հետ էր, և Նա օգնեց ինձ:

Ամուսնուս թաղումից մի քանի օր անց մի աղջիկ եկավ մեր տուն և ինձ պատմեց Հիսուսի մասին: Նա ասաց, որ  Հիսուսը կենդանի է: Ես առաջին անգամ էի լսում Հիսուսի անունը և հարցրի. «Արդյոք Նա կկարողանա՞ իմ երեխաներին պահել»:  Այդ աղջիկն ասաց. «Հենվի՛ր Աստծո վրա, և ամեն ինչ լավ կլինի»: Այդ ժամանակ մեծ տղաս ութ տարեկան էր, աղջիկս` վեց, իսկ փոքր տղաս ընդամենը մեկ ու կես:

Ապաշխարելուց հետո իմ ողջ կյանքը փոխվեց, ես գտա մխիթարություն և ուրախություն, սակայն շատ շուտով կանգնեցի մի ճակատագրական որոշման առջև:

Կալանավորեցին ամուսնուս սպանողին: Նա երիտասարդ,  26 տարեկան տղա էր: Ես չգիտեի, թե ինչպես պետք է վարվեմ այդ մարդու հետ: Այդ ժամանակ սովորում էի Աստվածաշնչյան դպրոցում, որտեղ անցնում էինք ներման մասին: Ես հովվին հարցրի. «Ինչպե՞ս կարող եմ ներել, եթե արյուն է թափվել»: Նա պատասխանեց. «Կամքը քոնն է, բայց հիշի՛ր, որ Հիսուսն էլ Գողգոթայում է արյուն թափել»:

Դատարան գնալուց առաջ աղոթում էի, որ Աստված օգնի ինձ ներել այդ մարդուն, ինչպես որ Ինքն է ներել իմ մեղքերը: Եվ Աստված իմ սիրտը լցրեց Իր անսահման սիրով, ուժ և զորություն տվեց, որպեսզի կարողանամ ներել:

Ներելուց հետո  ես ազատություն զգացի, այլևս ոչինչ չէր խանգարում ինձ մոտենալ Աստծուն: Չէ որ Աստծո առջև աղոթքի կանգնելիս պետք է կարողանանք ասել` ներիր մեզ այնպես, ինչպես մենք ենք ներում ուրիշներին:

Անցնելով այս փորձությունը` ես այսօր կշատերինարողանում եմ օգնել , սովորեցնել ներման իշխանության եւ զորության մասին:

Անցել են տարիներ, երեխաներս մեծացել են, տղաս 22 տարեկան է, աղջիկս` 20, փոքր տղաս` 15: Երբ մի հայացք եմ գցում դեպի անցյալը, տեսնում եմ, որ Աստծո հզոր ձեռքն օգնեց ինձ պահել և մեծացնել զավակներիս: Այսօր նրանք ճանաչում են Աստծուն` որպես Երկնային Հայր, և ծառայում են Նրան:

Աստծո ողորմությունը հաղթում է դատաստանը: Ներելով` դու ազատում ես ոչ միայն քո կյանքը` քեզ հասցված վիրավորանքների տանջանքից, այլև ազատում ես նրան, ով մեղավոր է և հնարավորություն ես տալիս նոր կյանք սկսելու, փոխվելու և զղջալու գործածի համար:

Ռուզաննա Հայրապետյան, Երևան

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: