ԵՐԿՆՔԻ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ 2-ՐԴ ՓՈՒԼ

Յուրաքանչյուր երեխայի կյանքը լցնել աստվածային սիրով, փոփոխություն բերել նրանց ընտանիքներում և ծաղկեցնել նրանց կյանքը:

Դարձնել իրականություն Ղուկ. 2.52. խոսքը.

<<Եվ Հիսուսը զարգանում էր իմաստությունով, հասակով ու սիրով մարդկանց ու Աստծո մոտ>>:

2011 թվականին սկսեցինք <<Երկնքի արքայությունը մանուկներին>> ծրագրի 2-րդ փուլը: Ծրագրում ընդգրկված է 1-15 տարեկան 56 երեխա: Նրանք զուրկ են հայրական խնամքից, ապրել են ծանր հոգեբանական խնդիրներ ունեցող ընտանիքներում, խաթարված միջանձնային փոխհարաբերությունների մթնոլորտում և ֆինանսատնտեսական անբարենպաստ պայմաններում: Այսօր նրանք ունեն հոգեբանական, սոցիալական, ֆինանսական աջակցության կարիք:

Բազմամասնագիտական թիմի՝ մանկավարժների, հոգեբանների, սոցիոլոգների և կամավոր ծառայողների ջանքերով հսկայական աշխատանք է տարվում ինչպես շահառուների, այնպես էլ նրանց խնամատարների հետ:

<<Գնացե՛ք, տեսե՛ք …>> գթություն ծառայության բազմամասնագիտական թիմի այցելությունների և անհատական աշխատանքի շնորհիվ բացահայտվել են ծրագրում ընդգրկված երեխաների ունակություններն ու կարողությունները, գնահատվել է նրանց սոցիալ-հոգեբանական վիճակը և համապատասխան աշխատանքներ են տարվել դրանց զարգացման ուղղությամբ:

Կարևորելով երեխաների կյանքում խնամատարի դերը` մեծ աշխատանքներ են տարվում նաև մայրերի հետ` որպես ծնող նրանց ինքնահաստատման և կայացման նպատակով:Միայնակ մայրերը հիմնականում իրենց անպաշտպան են զգում, վախենում են երեխայի վաղվա օրվա համար: Լինելով միայնակ` նրանք ստիպված են շատ աշխատել և ավելի քիչ ժամանակ տրամադրել երեխաներին` դրանով իսկ վնասելով նրանց: