Arthur Simonyan

Հովիվ Արթուր, մոտ մեկ շաբաթ առաջ կատարվածը ցնցեց քրիստոնյա աշխարհը` Սիրիայում  նահատակվեց Երևանի “Կյանքի Խոսք” եկեղեցու միսիոներական բաժնի ղեկավար Էդուարդ Պետրոսյանը: Կխոսեք մի փոքր, թե ինչպե՞ս Ձեզ հաջողվեց ուժ գտնել և մեկնարկել «Քայլենք հավատքով» կոնֆերանսը:

Դա իրականում գերբնական էր: Շաբաթ օրը, երբ իմացա Էդիկի մահվան մասին, նրա կինը դեռևս չգիտեր այդ լուրը: Ես պարզապես իրավունք չունեի եկեղեցուն հայտնել դրա մասին, մինչև ընտանիքը չիմանար: Այդ երեկո ես, արցունքներս զսպելով, քարոզեցի եկեղեցական հավաքույթին: Երեք օր անց, երբ Հալեպում տեղի ունեցավ Էդիկի հուղարկավորությունը, այստեղ մենք անցկացրեցինք նրա հիշատակի արարողությունը: Ես գիտակցում էի, որ նախապես ծրագրված մեր ամենամյա գլխավոր կոնֆերանսի համար ողջ աշխարհից մարդիկ են եկել մեզ մոտ, և եկեղեցին պարտավոր է առաջ շարժվել: 

Եկեղեցին չպետք է մնար սգի մեջ: Նա պետք է տեղափոխվեր դեպի հաղթանակ: Ես չեմ հավատում, որ Էդիկը մեզ սուգ է թողել: Իրականում նա թողել է մեզ հաղթանակ, թողել է Տիրոջը ծառայելու կատարյալ օրինակ: Կոնֆերանսը նվիրվեց Էդիկի պատվին, և պատահական չէ, որ համաժողովի գլխավոր թեման այն մասին էր, թե ինչպես է պետք ծառայել Աստծուն:

Ինչպիսի՞ փոխհարաբերություններ ունեիք էդուարդ Պետրոսյանի հետ: Ո՞վ էր նա Ձեզ համար:

Սկսեմ այն բանից, որ եկեղեցի մուտք գործելու հենց առաջին օրվանից ես նրա հետ եմ եղել: Մեր տնային խմբակը նրանց տանն էր անցկացվում: Ես հոգևոր խնամք էի տանում Էդիկի և նրա մայրիկի նկատմամբ:

Այդ ընթացքում Տերն ինձ ցույց տվեց, որ Էդիկը պետք է ավագ դառնա: Նա միշտ իմ կողքին է եղել: Միասին երկար ճանապարհ ենք անցել: Երբ 90–ականներին եկեղեցին պետք է գրանցում ստանար, երկուսով շատ ենք աշխատել: Միասին ձերբակալվել ենք Քրիստոսի համար և հալածանքներ կրել:  Հենց այդ ընթացքում դարձանք մտերիմ ընկերներ, իրարից գաղտնիքներ չունեինք: Էդիկի պես ընկեր ես շատ քիչ ունեմ. 5 կամ 6 հոգի: Բայց այսօր մեկը պակասեց նրանցից:    

Վերջերս նշեցիք, որ Դուք ուխտ ունեիք իրար հետ. կպատմե՞ք մեզ այդ ուխտի մասին:

Այո, մենք իրար հետ ուխտ էինք արել, որ չենք բաժանվի և միշտ միասին կքայլենք Տիրոջ մեջ: Մեկ անգամ նույնիսկ միասին նամակ ենք գրել Աստծուն: Կարծում եմ` ես իմ ուխտը միշտ պահել եմ: Այդ նա խախտեց այն` իր կյանքը դնելով Ավետարանի համար: Բայց ես գիտեմ, որ դա այն չնախատեսված փամփուշտն էր, որ ոչ ոք չի կարող կանխատեսել:

Հնարավոր է արդյո՞ք փոխարինել նմանօրինակ մարդկանց. արդյո՞ք նրա պակասությունը չի զգացվի:

Իրականում մարդուն հնարավոր չէ փոխարինել: Նրա նմանը չի լինի և վերջ: Գուցե լինի ավելի լավը կամ վատը, բայց իր տեսակն այլևս չի լինի: 

 Կբնութագրե՞ք Էդուարդին մի քանի բառով, որոնք առավել հատկանշական են:

Դրսից ինտելիգենտ, ներսից` զինվոր: Խոսում ես մարդու հետ ու մտածում, որ կարող ես զրուցել նրա հետ ամեն ինչի մասին: Նա մեծացել էր շատ կրթված և զարգացած ընտանիքում: Էդիկի հետ հնարավոր էր խոսել ցանկացած բնագավառից. սկսած մեքենա լվանալու քիմիական միջոցներից, վերջացրած Ռեմբրանդտով: 

Նա բազմաթիվ ծառայությունների առաջնորդ էր, այդ թվում նաև վերականգնողական կենտրոնի, բանտերի և միսիայի ծառայությունների: Ի՞նչ ընթացք  է սպասվում այդ բաժիններին այժմ:

Դրանց սպասվում է զարգացում և զորացում: Մի բան, որ ծնված է Աստծուց, միշտ էլ աճում և առաջ է գնում: Այս տարի մենք Էդիկի հիշատակին ճամբար կկազմակերպենք բանտարկյալների կամ Սիրիայից եկած երեխաների համար: Վերականգնողական կենտրոնը սկսելու է ավելի ակտիվ գործել, նույնը և բանտերի ծառայությունն ու միսիան: Դրանք շարունակվելու են և երբեք չեն կանգնելու:

Գիտենք, որ Էդուարդի սիրտը վառվում էր միսիայով: Վերջին շրջանում հատկապես Սիրիայի համար: Ինչպիսի՞ն էր Ձեր արձագանքը, երբ նա պատրաստվում էր Սիրիա գնալ:

Իմ արձագանքն իրականում այդքան էլ լավը չէր` նույնիսկ մինչև վերջին վայրկյանը: Ես նրան այդ քայլից մոտ 6 ամիս ետ էի պահում: Էդիկն իր աշխատանքը տեսնում էր միայն Սիրիայում: Նա ասում էր, որ այստեղ ոչինչ չունի անելու: Վերջում, երբ այլևս անհնար էր պահել նրան, Էդիկը խնդրեց օրհնել իրեն: Նա շատ էր գնում միսիայի, բայց դա առաջին անգամն էր, որ եկեղեցին այդպես օրհնեց նրան: Փաստորեն իր հալածանքը մենք օրհնեցինք:

Երբ նա գնաց, ես հոգում գիտեի, որ հնարավոր է ինչ-որ բան պատահի, բայց ինչքան հնարավոր էր` հեռու էի վանում այդ մտքերը: Պարզապես աղոթում էի իր համար: Նրան ետ պահելն անհնար էր, նույնիսկ նրա կինը` Աստղիկն էր ասում այդ: Սիրիան նրա մեջ էր, հիմա նա է Սիրիայի մեջ:  

Արդյո՞ք եկեղեցին կշարունակի նրա գործը Սիրիայում և Մերձավոր Արևելքում: Ի՞նչ տեսիլք և Աստծուց խոսք ունեք այդ տարածաշրջանի համար:

Իրականում Մերձավոր Արևելքը մեր կենտրոնական տեսիլքն է: Մահմեդական աշխարհում Ավետարանը քարոզելը, մարդկանց փրկության բերելն ու նրանց օգնելը մեր գլխավոր նպատակն է:

Սիրիայում Էդիկն իր ետևից թողեց եկեղեցի, և հիմա առաջին հերթին մեր պարտքն է այդ եկեղեցու համար հոգ տանել: Մտածում ենք բերել այդ մարդկանց Լիբանան, որովհետև Սիրիայում ռմբակոծություններ են: Դեռևս մտածում ենք` ինչպես վարվել, քանի որ սա մի նոր անակնկալ էր մեզ համար: Մենք այժմ աղոթում ենք, որ հասկանանք, թե ինչպես է ուզում Տերն առաջնորդել մեզ: Էդիկի մահով չի վերջանում Սիրիայի կամ Մերձավոր Արևելքի աշխատանքը. դրանով ամեն բան մի նոր գերբնական ուժով սկսվում է: 

Նրա մահը կորուստ և մեծ ցնցում էր ողջ եկեղեցու համար: Արդյո՞ք ունեք մխիթարության խոսք, և ինչպե՞ս եք նայում այդ փաստին հոգևոր տեսանկյունից:

Պետք է ապրել, նայել առաջ: Գիտե՞ք, Աստծո Խոսքն ասում է, որ իրար մխիթարեցեք այս խոսքով, որ Տերը շուտով գալիս է, և բոլորս մեկ ակնթարթում այնտեղ ենք լինելու: Սկզբում ննջեցյալները հարություն կառնեն, և հետո մենք` կենդանի մնացածներս, նրանց հետ միասին կհամբարձվենք Տիրոջ մոտ:  Սա բաժանության շատ կարճ ժամանակ է, որից հետո մենք կտեսնենք իրար:

Երբ եղբայրս Միացյալ Նահանգներ էր գնում, մայրս լալիս էր, քանի որ մտածում էր, որ այլևս չի տեսնի նրան: Բայց մխիթարում էր այն գիտակցությունը, որ նա ավելի բարեկեցիկ երկիր է գնում:  Ես հիմա նույն հոգեբանությամբ եմ լցված. բաժանումը շատ դժվար է, բայց ես գիտեմ, որ նա հիմա ավելի լավ երկրում է, քան այս աշխարհը: Ավելի լավ է իրեն, բայց ոչ մեզ: 

Իրականում խոսքը ասում է. “Երանի նրանց”: Մեզ մոտ առաջին անգամ էր նման բան պատահում, դրա համար մենք շփոթված էինք: Սակայն քրիստոնյաները գիտեն, որ նահատակվելն ամենամեծ պատիվն է: Բացի Հովհաննես Ավետարանչից, բոլոր առաքյալներն էլ նահատակվել են: Գործք առաքելոցում ամեն մի ընտանիքում գոնե մեկ նահատակ կարող ենք գտնել: Քանի որ դա մասսայական բնույթ էր կրում, ոչ ոք չէր զարմանում: Սակայն քանի որ մեր օրերում մարդիկ մասսայական սուրճ են խմում և հանգստանում, մեկի նահատակվելն անակնկալի է բերում բոլորին:

Ես ուղղակի կասեմ, որ սա Գործք առաքելոցի շարունակությունն է: Այն Աստվածաշնչի միակ գիրքն է, որ չի վերջանում «Ամեն»-ով:

Ձեր կոչը քրիստոնյա աշխարհին և մասնավորապես` «Կյանքի Խոսք» եկեղեցուն:

Իմ կոչն է` ցույց տալ մեր քրիստոնյա լինելը գործով: Չդառնալ պահածո քրիստոնեական կյանքում, այլ լինել կենդանի: Քրիստոնյաները շատ անգամ վիճում են, որ երբ Քրիստոսը գա, Նա գալու է մեր եկեղեցու ետևից, մյուսներն ասում են` ոչ, մեր: Դա նման է նրան, որ ասես, երբ Հիսուսը գա, Նա տոմատի մեջ պահածոյացված, թե յուղի մեջ սարքած ձուկ է ուտելու:

Մինչդեռ հարցն այն է, որ Տերը գալու է կենդանի ձկների ետևից: Իմ կոչն է, որ բոլորը կենդանան, այլ ոչ թե փակվեն և ասեն. «Դե ոչինչ, ես էլ այսպես եմ հավատում»: Պետք է իրականում լինել Քրիստոսամետ քրիստոնյաներ:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: