Երեկ քննարկեցինք այն խոսքը, որ ով ասում է, թե՝ ճանաչեցի Աստծուն, և Նրա պատվիրանները չի պահում, ստախոս է: Այսօրվա խոսքում տեսնում ենք, որ ով ասում է, թե` Աստծո մեջ եմ բնակվում, պետք է այնպես ապրի, ինչպես Նա ապրեց:
Ինչպե՞ս էր Քրիստոսն ապրում այս աշխարհում: Նա քարոզում էր Արքայության Ավետարանը, բժշկում հիվանդներին, հարություն տալիս մեռելներին, կերակրում աղքատներին…
Եկեղեցում երևի թե չկա մի մարդ, ով չի ցանկանում անել այն գործերը, որ Քրիստոսն արեց: Չկա մի հովիվ, ով չի ցանկանում այնպիսի աշակերտներ բարձրացնել, ովքեր Ավետարանը կտարածեն աշխարհով մեկ: Չկա մի քարոզիչ, ով չի ցանկանում քարոզել հազարավոր մարդկանց: Հիշե՛ք Հիսուսի հրաշքները՝ ջրի վրայով քայլելը, դիվահարին ազատագրելը, հացը բազմացնելը և այլն:
Սակայն պետք է մեզ հարցնենք՝ պատրա՞ստ ենք արդյոք Քրիստոսի նման կրելու մեր խաչը, հալածանքներն ու տառապանքները: Պատրա՞ստ ենք այնպիսի զոհեր անելու, ինչպիսին Նա արեց: Նա հրաժարվեց աշխարհի բոլոր թագավորություններից ու փառքից, որովհետև աշխարհ էր եկել՝ կատարելու ոչ թե Իր կամքը, այլ` Իր Երկնային Հոր:
Կարո՞ղ ենք արդյոք Քրիստոսի նման ամեն օր առանձնանալ և աղոթել, ապրել Աստծո Խոսքով, սիրել մարդկանց, անտարբեր չլինել ոչ մեկի ցավի ու տառապանքի նկատմամբ, աշխատասեր լինել և հարկ եղած դեպքում նույնիսկ մի քանի օրվա ճանապարհ անցնել ինչ-որ մեկին օգնելու համար:
Եթե այս ամենը լինի, հաջողություն էլ կլինի: Մարդիկ հաճախ ցանկանում են ունենալ Քրիստոսի հաջողությունները, բայց ոչ` չարչարանքները: Գրված է. “Ով որ ասում է, թե Նրանում եմ բնակվում, պետք է ինչպես որ Նա գնաց, ինքն էլ այնպես գնա”:
Սիրելինե’րս, եկեք Քրիստոսի նման ապրենք և ծառայենք մարդկանց: Այդ ժամանակ շատ պտուղ կբերենք Աստծո արքայության համար:
Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:
***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով: