Այսօր ամբողջ աշխարհը որոնումների մեջ է: Ի՞նչ են որոնում մարդիկ: Ինչո՞ւ են այսքան վիճաբանություններ, կռիվներ, պատերազմներ լինում: Կարծում եմ՝ պատճառը չկայացած լինելն է: Յուրաքանչյուր մարդ կամ պետություն ցանկանում է ապացուցել իր առավելությունը և չի հանդուրժում դիմացինին:

Օրինակ` երբ մշակույթի կամ այլ բնագավառում որևէ մեկը հաջողության է հասնում, մյուսներն ամեն ինչ անում են, որ նրանից առաջ անցնեն: Սա վկայում է, որ մարդիկ չգիտեն, թե իրենք ով են Տիրոջ մեջ: Նրանք ցանկանում են գտնել իրենց:

Շատերը ձգտում են ունենալ լավ տուն, լավ ավտոմեքենա, լավ աշխատանք, որպեսզի ցույց տան, թե իրենք կայացած են: Շրջապատից ետ չմնալու համար մարդիկ նույնիսկ այցելում են այնպիսի վայրեր, որտեղ բացահայտ մեղքն է տիրում: Եվ արդյունքում՝ նրանք կորցնում են իրենց անձը:

Հիսուս Քրիստոսն ասաց. ” Ով որ իր անձը գտնում է` կկորցնի նրան, և ով որ իր անձն Ինձ համար կորցրեց` նա կգտնի նրան”:

Սիրելինե’ր, եթե մեր անձը կորցնենք Քրիստոսի կամ Ավետարանի համար, այսինքն` ուրանանք մեր “ես”-ը և լիովին հանձնվենք Տիրոջը, կգտնենք մեզ: Տերը մեզ կառաջնորդի և հաջողություն կտա: Նա է մեզ ստեղծել, ոչ թե մենք` Նրան:

Ոմանք ասում են, թե մարդն է ստեղծել Աստծուն: Ո’չ, Աստված է ստեղծել մարդուն և կարող է առաջնորդել նրան: Սաղմոսներից մեկում գրված է, որ Նա մեզ առաջնորդում է հանդարտ ջրերի մոտ: Նրա օգնությամբ մենք կարող ենք կայանալ և հանգստություն գտնել մեր անձի համար:

Պարզապես հավատացե’ք և վստահե’ք Տիրոջը: Ուրացե’ք ձեր անձը Քրիստոսի համար, նվիրվե’ք Նրան և կգտնեք ձեզ: Ամե°ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: