DAILY DEVOTION-am-1200-600

Բոլորս էլ կցանկանայինք Աստծուց վարձք ստանալ: Վարձքը նվեր չէ. մենք վարձատրվում ենք մեր գործերի դիմաց: Աստծուց վարձք ստանալու համար նույնպես հարկավոր է գործել:

Հիսուսն ասաց, որ Իր ծառայողներին ընդունողները մասնակից կլինեն նրանց օրհնություններին: «Ով որ մարգարե է ընդունում մարգարեի անունով, մարգարեի վարձք կառնի. և ով որ արդար է ընդունում արդարի անունով, արդարի վարձք կառնի»:

Եթե գիտենք, որ ինչ-որ մեկն Աստծուց պարգև ունի, բայց նրան ընդունում ենք այնպես, ինչպես բոլորին, նրա վարձքին մասնակից չենք լինի:

Վերջերս մի երիտասարդ դժգոհում էր, թե ինչու են մարդիկ եկեղեցու հովվին և ավագներին ավելի բարձր դասում, քան մյուս անդամներին: Ես նրան հարցրի. «Ի՞նչ ես կարծում` արդյո՞ք ճիշտ կլիներ, եթե եկեղեցում քեզ ընդունեին այնպես, ինչպես հովվին, կամ էլ հովվին ընդունեին այնպես, ինչպես քեզ»: Նա պատասխանեց` ոչ: Այդ երիտասարդը, պարզապես, դեռ իր տեղը չէր գտել կյանքում, այլապես կհարգեր ուրիշներին, հատկապես՝ Աստծո ծառայողներին:

Աստծո պարգևներն անվարձահատույց են տրվում, բայց վարձք ստանալու համար անհրաժեշտ է արժանավայել վերաբերմունք ցուցաբերել այն մարդկանց հանդեպ, ովքեր օժտված են պարգևներով. մարգարեին ընդունել մարգարեի պես, առաքյալին` առաքյալի, հովվին` հովվի:

Սիրելինե՛ր, եկեք չանարգենք ծառայության պարգևները, մեր ամբողջ կյանքում ձգտենք այնպես ապրել, որ Աստծուց վարձք ստանանք: Ինքս էլ, երբ հանդիպում եմ եկեղեցու որևէ ծառայողի, նրան ընդունում և պատվում եմ արժանավայել ձևով` գիտակցելով, որ համապատասխան վարձք կստանամ:

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: