Այս շաբաթ կուսումնասիրենք Թեսաղոնիկեցիներին ուղղված թղթերը, որոնցում պարունակվող խորը ճշմարտությունները շատ կարևոր են մեզ համար: Այսօրվա խոսքում Պողոս առաքյալը բացահայտում է եկեղեցու զորության գաղտնիքը: Նա գոհանում է Աստծուց, որ հավատացյալների հավատքը մեծանում է, սերը՝ ավելանում:

Մենք կարող ենք տեսնել, որ մարդիկ շատ անգամ կարևորում են միայն հավատքը: Իհարկե, հավատքը մեծ նշանակություն ունի քրիստոնյայի կյանքում: Առանց հավատքի՝ չենք կարող հաջողություն ունենալ ո’չ անձնական կյանքում, ո’չ էլ եկեղեցում` ծառայության մեջ: Քրիստոսն ասաց. “…մարդի Որդին գալիս արդյոք հավատք կգտնի երկրի վրա” (Ղուկ. 18.8):

Սակայն եկեղեցին զորանում է այն ժամանակ, երբ ավելանում է ոչ միայն հավատքը, այլև սերը: Այն եկեղեցին, որի մասին գրում է Պողոսը, լցված էր ոչ միայն հավատքով, այլև սիրով ու գերբնական հայտնություններով: Կարդալով Թեսաղոնիկեցիներին ուղղված թղթերը՝ համոզվում ես, որ դրանք սովորական գրվածքներ չեն, այլ իրենց մեջ խորը հայտնություններ են պարունակում վերջին օրերի մասին:

Այսպիսով, Աստծո կամքն է, որ Իր եկեղեցին լցված լինի և՛ հավատքով, և՛ սիրով: Եթե եկեղեցին լցված լինի միայն սիրով, կվերածվի հումանիստական գաղափարներով առաջնորդվող կազմակերպության: Ես՝ որպես հովիվ, չէի ցանկանա, որ մեր եկեղեցին այդպիսին լիներ: Մեր աստվածապաշտությունը պետք է երևա մեր օրեցօր մեծացող հավատքից և միմյանց հանդեպ ավելացող սիրուց:

Գրված է, որ հավատքը գալիս է լսելուց, իսկ լսելը` Աստծո Խոսքից: Հետևաբար, մեր հավատքը չի կարող մեծանալ, եթե չկարդանք և չլսենք Աստծո Խոսքը:

Սիրելինե’ր, եկեք հարատևենք Աստծո Խոսքի և աղոթքների մեջ: Այդ ժամանակ մեր հավատքը կմեծանա, սերը՝ կավելանա, և գերբնական հայտնություններ կստանանք Աստծուց, որոնք մեզ կօգնեն` առաջ գնալու քրիստոնեական կյանքում:

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: