DAILY DEVOTION-am-1200-600

Աստծո Խոսքը ճշմարիտ է և երբեք չի ստում. ով պահում է պատվիրանները, ապահով է ապրում և չարիքի չի հանդիպում: Նույնիսկ մահը նրա համար չարիք չէ, այլ՝ հավիտենական կյանքի սկիզբ: Պողոս առաքյալն ասում էր, որ իր համար մահանալը շահ է:

Մարդիկ հաճախ անհաջողությունների են հանդիպում, որովհետև ժամանակն ու իրավունքը չեն ճանաչում: Նույնիսկ բարի գործը, եթե ժամանակին չի արվում, չարիք է դառնում: Ահա թե ինչու մենք իմաստության կարիք ունենք: Գրված է՝  իմաստունի սիրտը ճանաչում է ժամանակն ու իրավունքը: Մենք պետք է քննենք և հասկանանք, թե երբ և ինչ անենք:

Մի պարզ օրինակ բերեմ. շատերս սիրում ենք ֆուտբոլ դիտել և ձգտում ենք ոչ մի խաղ բաց չթողնել: Սակայն հեռուստացույցի առջև նստելուց առաջ պետք է մտածենք` իրավունք ունե՞նք այդ պահին տարվելու խաղով, թե՞ ավելի կարևոր գործեր ունենք:

Սիրելինե՛ր, մենք կարող ենք շատ բաներ անել, բայց չի նշանակում, որ ամեն ինչ իրավունք ունենք անելու: «Կարողանալը» և «իրավունք ունենալը» տարբեր հասկացություններ են: Եթե այս ճշմարտությունը հասկանանք, շատ բաների կհասնենք: 

Այսպիսով, պահե՛ք Աստծո պատվիրանները և ունեցե՛ք իմաստուն սիրտ, որպեսզի ճանաչեք ժամանակն ու իրավունքը և չարիքի չհանդիպեք:


 
Աստված օրհնի ձեզ: Ամե՛ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: