Փոփոխությունները կյանքի անբաժանելի մասն են: Ցանկանանք, թե ոչ, բայց դա այդպես է: Փոփոխություններն անխուսափելի են նաև եկեղեցական կյանքում: Այո՛, Ավետարանն անփոփոխ է, ճշմարտությունն անփոփոխ է, բայց գործունեության մեթոդներն ու ձևերը ժամանակ առ ժամանակ կարող են փոխվել, որպեսզի եկեղեցու ծառայությունն ավելի պտղաբեր լինի:

Ներկայումս Երևանի մեր եկեղեցին նույնպես անցնում է փոփոխությունների միջով, որոնք վերաբերում են կիրակնօրյա ծառայության ձևին, ավագների հավաքույթներին ու Աստվածաշնչյան դպրոցին:

Երկար ժամանակ ես փնտրում էի Տիրոջ երեսը, որպեսզի Նրանից իմաստություն ստանայի, թե ինչպես է հարկավոր իրականացնել նոր փոփոխությունները: Եվ ահա, հիմա այն ժամանակն է, երբ նախապատրաստական փուլից հետո մենք անցնում ենք գործնական քայլերին: Սրանք պարզապես փոփոխություններ չեն հանուն փոփոխության: Այս ամենը ես ստացել եմ Աստծուց` երկարատև աղոթքների և խորհրդածությունների արդյունքում, ինչն արժանացել է մեր ողջ ծառայողական թիմի և եկեղեցու անդամների հավանությանը:

Նախևառաջ, կիրակնօրյա ծառայության առումով մենք շատացնում ենք փառաբանությանն ու երկրպագությանը հատկացված ժամանակը: Այն կտևի շուրջ 45 րոպե: Այս փոփոխության նպատակն է՝ թույլ տալ, որպեսզի ժողովուրդն առանց ընդհատումների լիարժեքորեն մտնի երկրպագության մեջ և վերապրի Տիրոջ ներկայությունն ու հպումը: Խոսքն ասում է, որ Աստված բնակվում է մեր փառաբանության մեջ:

Այնուհետև 10 րոպե կլինի զոհաբերության կամ նվիրատվության խոսք, որին կհաջորդեն կարճատև հայտարարությունները տեսանյութի տեսքով: Եվս մեկ ժամ կհատկացվի քարոզչին, իսկ ծառայության վերջում նորահավատներն ապաշխարության համար չեն հրավիրվի առաջ: Դրա փոխարեն մենք պատրաստել ենք հատուկ սրահ, որտեղ մեր ծառայողները կաղոթեն առաջին անգամ եկած մարդկանց համար, կպատասխանեն հուզող հարցերին, կնվիրեն Նոր Կտակարաններ և կշարունակեն շփումը թեյ և սուրճի սեղանի շուրջ:

Ամեն երեքշաբթի մեզ մոտ տեղի էին ունենում ավագների հավաքույթները: Այսուհետև երեքշաբթի օրերին մենք անցկացնելու ենք ուսմունքի ծառայություններ, որոնք բաց են լինելու բոլոր ցանկացողների համար: Ուսմունքի օրերի ժամանակ խորացված կերպով ուսուցում է տրվելու քրիստոնեական կյանքի ակտուալ թեմաների մասին: Դուք կհարցնեք՝ իսկ ի՞նչ է լինելու ավագների ծառայությունը: Այսուհետև յուրաքանչյուր հովիվ իր հովվական տարածքի ավագների հետ կունենա առանձին հավաքույթներ՝ որոշակի պարբերականությամբ, օրինակ՝ երկու ամիսը մեկ անգամ:

Շատ հետաքրքիր փոփոխություններ ենք մենք մտցրել Աստվածաշնչյան դպրոցում: Մի քանի տարի շարունակ ես մտորում էի, թե ուսուցման ինչ նոր ձև կարելի է որդեգրել, որպեսզի հոգևոր կրթությունը դառնա ավելի աշխույժ, հետաքրքիր, ինտերակտիվ, և որպեսզի այն հասանելի լինի նաև ավելի մեծ թվով մարդկանց համար, ովքեր ի վիճակի չեն շաբաթը հինգ օր մասնակցել դասերին:

Եվ ահա, մենք անցնում ենք կրթության նոր ձևի և մեթոդիկայի: Դասերը կանցկացվեն 40 օր ընդմիջումով, շաբաթական 2 օր՝ ուրբաթ և շաբաթ: Յուրաքանչյուր օր կդասավանդվի 3-4 թեմա: Դասաժամերը՝ առավոտյան 10:00-ից մինչև 17:00:

Դասամիջոցներին նախատեսվում է թեյ և սուրճ: Իսկ մեծ ընդմիջմանը ուսանողներն ուսուցիչների հետ միասին կունենան ճաշելու ժամանակ:

Ուսուցումը դպրոցում կվարվի ինտերակտիվ եղանակով: Կլինեն քննարկումներ, հարց ու պատասխան, շփում ուսուցչի և լսարանի միջև:

Ահա այն փոփոխությունները, որ մենք այսօր իրականացնում ենք: Վստահ ենք, որ այս ամենն ավելի արդյունավետ է դարձնելու եկեղեցու ծառայությունը, և պտուղները փառավորելու են Աստծուն:

Հովիվ Արթուր Սիմոնյան

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: