«Նոր արարած՝ նշանակում է մարդ՝ սուրբ ներաշխարհով և առանց կախվածությունների,- այս մասին քարոզեց հովիվ Արթուր Սիմոնյանը հունվարի 10-ին՝ տարվա առաջին եկեղեցական ծառայությանը:

Հիսուս Քրիստոսի շնորհիվ մենք նոր արարածներ ենք: Աստծո կամքն է, որ մեզնից յուրաքանչյուրը՝ որպես նոր արարած,  ունենա նոր մտածելակերպ,  մաքուր ներաշխարհ և երկրպագի Աստծուն ոչ միայն սրտով, այլև մտքով:

Ավաղ, մտքի նորոգման ճանապարհին մենք անկումներ ենք ունենում, որոնք պայմանավորված են լինում հին մարդով, հին բնավորությամբ և հին կյանքով: Հովիվ Արթուրը կոչ արեց ձգտել նորին՝ թողնելով, մոռանալով ամենը, ինչը կապված է անցյալի հետ.

«Անհաջողության սկիզբը մեր հին հաղթանակներն են, որովհետև կենտրոնանալով հնի ուղղությամբ՝ մենք կորցնում ենք նորը: Մոռացե՛ք ձեր բոլոր անհաջողություններն ու հաղթանակները, որովհետև դրանք կկանգնեցնեն ձեր ընթացքը: Քայլե՛ք առաջ և ձգտե՛ք նորին»,- ասաց հովիվ Արթուրը:

«Եղբայրնե՛ր, ես իմ անձը չեմ համարում, որ հասած լինեմ, բայց մեկ բան կա, հետևի բաները մոռանալով՝ դեպի առաջը լինողներն եմ նկրտում» (Փիլիպ. 3.13):

Հովիվ Արթուրը կոչ արեց սուրբ պահել մեր միտքը, քանի որ մարդն առաջին հերթին ընկնում է իր մտածելակերպի մեջ, իսկ մեղքի սկիզբը հենց մեր մտքերն են:

«Որովհետև Աստծուն ճանաչելով՝ Նրան Աստծո պես չփառավորեցին կամ շնորհակալ չեղան, այլ իրենց մտածմունքներում ունայնացան, և նրանց անմիտ սրտերը խավարեցին… Նրա համար Աստված էլ նրանց մատնեց իրենց սրտերի ցանկության մեջ՝ պղծության համար, որ խայտառակեն իրենց մարմիններն իրենց անձերում» (Հռոմ. 1.21,24)։ 

«Նոր արարած՝ նշանակում է մարդ՝ Քրիստոսի բնավորությամբ, սուրբ մտքով և ներաշխարհով, նոր երազանքներով և որոշումներով: Նորոգելով ձեր միտքը՝ դուք կփոխեք ձեր կյանքի ամբողջ ընթացքը, կկարողանաք ներել և հաղթել»,- եզրափակեց հովիվ Արթուրը:

Ծառայությունից հետո եկեղեցու անդամները կիսվեցին իրենց կարծիքներով.

«Շատ ակտուալ խոսք էր տարվա սկզբի համար, և այն պետք է կիրառել կյանքում: Ես շատ կարևոր հայտնություն ստացա, որ երբեք համատեղելի չեն հինն ու նորը, և մինչև չթողնենք հինը, նորը չենք ստանա»,- ասաց Նիկա Բաբայանը:

Իսկ Մերի Մուրադյանը ասաց, որ քարոզի մեջ հնչած կարևոր մտքերից էր նաև այն, որ յուրաքանչյուր մարդ իրապես գիտակցի, որ նոր տարին հռչակված է որպես Քրիստոսի տարի և չհետևի աստղագուշակներին կամ հորոսկոպներին:

«Քարոզի մեջ հնչեց, որ հնի մեջ չմնանք, անկախ նրանից՝ լի է հաղթանակներով, թե՝ անհաջողություններով: Եթե մարդը որոշում է՝ փոխվել, իր կյանքում փոխվում է ամեն ինչ: Շատ հրաշալի է, որ հովիվը խոսեց նաև մեղքերի մասին, քանի որ իրոք միայն կենացներով և երկու րոպեանոց աղոթքներով չենք փոխվի, բայց շատ կարևոր է, որ մեր մեջ լինեն քրիստոնեական արժեքները»,- ասաց Ժասմինան:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: