Հոկտեմբերի 10-ին լրացավ Protestant.am քրիստոնեական կայքի գործունեության երկու ամյակը: Այս կապակցությամբ Հայ Ավետարանչական ընկերակցության գրասենյակում կայացավ կայքի հոբելյանական միջոցառումը:

Ցերեկույթին ներկա էին ոչ միայն ավետարանական հավատքի հովիվներ, գործընկերներ, այլև քրիստոնեական ուղղությունների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, լրագրողներ և իհարկե ընթերցողներ, ովքեր եկել էին իրենց շնորհավորանքն ու բարեմաղթանքները փոխանցելու:

Այս հիշարժան օրը հոբելյարի հետ կիսեց նաև wolarm.org-ի խմբագրակազմը: «Կյանքի Խոսք» եկեղեցու մամուլի խոսնակ  Արմեն Լուսյանը եկեղեցու անունից շնորհավորեց  և քաջալերեց նրանց.

«Մենք շատ ուրախացանք, երբ լույս աշխարհ եկավ Protestant.am կայքը: Դուք կանչված եք ճշմարիտ լրատվություն տարածելու համար: Պարզապես հրաշալի է տեսնել, որ ընդամենը 2 տարվա ընթացքում ևս մեկ քրիստոնեական կայք հաստատվել և իր ուրույն տեղն է գրավել ինտերնետային հարթակում: Ձեր ծավալած  գործունեությունը բավականին բազմակողմանի է: Դուք առանձնահատուկ եք. համագործակցում եք ոչ միայն ավետարանական հավատքի եկեղեցիների, այլև այլ հարանվանությունների հետ: Սա մեծ ներդրում է միջեկեղեցական ամուր հարաբերություններ հաստատելու գործում»,- ասաց Արմեն Լուսյանը:

Protestant.am կայքի գլխավոր խմբագիր Գոռ Կարապետյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին` իրենց կողքին լինելու և աջակցելու համար.

 «Բոլորս Protestant.am ենք»,- նշեց խմբագիրը՝ նկատի ունենալով համընդհանուր աջակցության գաղափարը: Նա ներկայացրեց կայքի տեսլականը, այս երկու տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումներն ու սպասվելիք փոփոխությունները (Protestant.am-ն արդեն հանրությանն է ներկայանում նոր դիզայնով և ունի Android-հավելված):

Միջոցառման վերջում տոնական սեղանի շուրջ տեղի ունեցավ հաճելի և ընկերական շփում:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: